Ինֆոքոմ

Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Մեծ Յոթնյակի երկրները կիրակի օրն անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ համաձայնության են եկել արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից, իսկ Միացյալ Նահանգները հայտարարել է ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար Մոսկվային պատժելու նպատակով, գրում է Reuters-ը։ «Մենք համաձայնության ենք եկել աստիճանաբար չեղարկել ռուսական էներգակիրներից մեր կախվածությունն, այդ թվում՝ արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից»։ «Մենք հոգ կտանենք, որ դա արվի ժամանակին և կանոնակարգված ձևով։ Մենք կաշխատենք միասին, ինչպես նաև մեր գործընկերների հետ՝ երաշխավորելու կայուն և շարունակական գլոբալ էներգամատակարարումներն ու հասանելի գները սպառողների համար», - ասված է G7-ի երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում։ Իսկ ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երեք հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, երկիրը նաև արգելել է իր քաղաքացիներին հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին և վիզաների շուրջ 2600 սահմանափակում մտցրել ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների համար։ «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ ուղղված միջոցներն առաջինն էին, քանի որ մինչ այս ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խուսափում էին այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեին Եվրոպային մատակարարվող գազի խաթարումների։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ «Գազպրոմբանկի» ղեկավարությանը վերաբերող պատժամիջոցները տարածվում են նաև «Գազպրոմբանկի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովի վրա։   Նորա Վանյան
14:10 - 09 մայիսի, 2022
«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝  պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»

«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»

Հաղթանակի զբոսայգում, ուր ընդդիմադիր պատգամավորները այցելել են՝ ծաղիկներ խոնարհելու, լրագրողները ծավալուն զրույց ունեցան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Օրվա խորհրդից, ներքաղաքական մի շարք հարցեր քննարկելուց հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե լինելով պաշտպանության նախարար եւ պետական պաշտոնյա՝ ինչպե՞ս է Օհանյանին հաջողվել Վահագնի թաղամասում ձեռք բերել նման շքեղ առանձնատուն․ «Եթե ձեր կյանքը նվիրել եք բանակաշինությանը, Մոնումենտի դղյակները, Սեւանի դղյակները տեսել եք, չէ՞, բոլորը բանակաշինության համար ինչ-որ մի բան արել են, եթե կոռուպցիա չի եղե, թալան չի եղել, բա որտեղի՞ց այդ ամենը»,- հարցրեց նա։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Իսկ ես ասացի՝ չի՞ եղել կոռուպցիա, ես, օրինակ, կարող եմ ասել հետեւյալը․ դուք եւ այսօրվա իշխանությունը բանակային կյանքը վերածել եք հասարակ, կենցաղային մակարդակի եւ կենցաղային փիառի, սա մեկ։ Երկրորդ, այսօրվա իշխանությունները եւ բոլոր իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները՝ գնալու եւ պարզելու, թե ով ինչ ունի, եւ օրինական է թե ոչ, թող գնան, այդ ամեն ինչը պարզեն»։ Լրագրողի հարցին՝ հիմա իր դղյակը օրինակա՞ն է, Օհանյանը պատասխանեց․ «Ես դղյակ չունեմ»։ Ճշտող հարցին՝ Վահագնի թաղամասում չունի՞ դղյակ, Օհանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց։ Լրագրողը հետաքրքրվեց՝ չի էլ կառուցվո՞ւմ, ինչին արդեն Օհանյանը չպատասխանեց․ «Չեմ ուզում, չեմ պատասխանում, մենք այլ բանի մասին ենք խոսում»,- ասաց նա՝ հերթական անգամ շնորհավորելով Եռատոնի առթիվ եւ համախմբման կոչ անելով ժողովրդին։
12:05 - 09 մայիսի, 2022
Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա

Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա

Պատճառներ կան, թե ինչու «Ազով» գնդի անդամները չեն պատրաստվում հանձնվել։ Առաջինն ու հիմնականն այն է, որ Ռուսասատանն, ըստ նրանց, չի պատրաստվում ողջ թողնել իրենց, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ ասել է ուկրաինական Մարիուպոլ քաղաքում ռուսական զորքերի դեմ կռվող «Ազով» գնդի հետախուզության վարչության սպա Իլյա Սամոյլենկոն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը սպառնալիք է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար։ «Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէ [պահպանել] մեր կյանքը»,- ասել է նա։ Սամոյլենկոն ասել է, որ ռուսական զորքեր եկել են «Ուկրաինան ոչնչացնելու»․ «Մեր գլխավոր նպատակը սպառնալիքը ոչնչացնելն է։ Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ ողջ աշխարհի, ազատ աշխարհի աջակցությունը։ Որովհետև մենք հիմա [աշխարհն] էլ ենք պաշտպանում»։ «Մենք կռվում ենք ազատ աշխարհի համար։ Որովհետև ռուսական ախորժակը միայն աճում է, եթե նրանք մեզ՝ ուկրաինական պաշտպանությունը ոչնչացնեն, ամեն ինչ կտապալվի։ Նրանք առաջ կանցնեն, կգնան Լեհաստան, Բալթյան երկրներ, գուցե՝ ավելի հեռուն»,- հավելել է սպան։ Ասուլիսի ժամանակ Սամոյլենկոն հաղորդել է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Ազովստալի» տարածքում քաղաքացիական անձինք են մնացել։ Բացի դրանից՝ քննադատել է ուկրաինական կառավարությանը, որ այն «չի կարողացել պաշտպանել Մարիուպոլը»։   Լուսանկարը՝ Reuters Նորա Վանյան
19:33 - 08 մայիսի, 2022
Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Լուգանսկի շրջանի գյուղական դպրոցին ավիահարված է հասցվել, ենթադրաբար 60 զոհ կա․ շրջանի ռազմական վարչակազմի պետ

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Բելոգորովկա ավանի դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, կարող էր զոհվել 60 մարդ, BBC Russian-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ փլատակների տակից հաջողվել է 30 մարդ դուրս բերել, նրանցից 7-ը վիրավոր են։ «Ըստ ամենայնի՝ շենքերի փլատակների տակ մնացած բոլոր 60 անձինք զոհվել են», - ասել է Գայդայը։ Դպրոցին ավիահարված հասցնելու մասին նա հաղորդել էր երեկ երեկոյան։ Դպրոցում, նրա տվյալներով, շուրջ 90 մարդ էր թաքնվում՝ «գրեթե ողջ գյուղը»՝ նրանք, ովքեր չէին հասցրել տարհանվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի բաժինը շաբաթ օրը հայտնել էր միայն երկու զոհի մասին և նշել, որ որոնումները շարունակվելու են կիրակի։ Վերջին շաբաթվա ընթացքում Բելոգորովկայի մերձակայքում մշտական մարտեր են ընթանում։ Գայդայն այդ վայրը «թեժ կետ» է անվանել։ Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել դպրոցի վրա ռումբ ընկնելու մասին ուկրաինական իշխանության հայտարարությունը։
16:11 - 08 մայիսի, 2022
Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին, Ուկրաինայի և Վրաստանի ժողովուրդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ այս օրը մենք շնորհակալություն ենք հայտնում և հարգանքի տուրք մատուցում մարտիկներին և թիկունքի աշխատավորներին, որոնք անհամար զոհաբերությունների և զրկանքների գնով ջախջախել են նացիզմը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Այսօր ընդհանուր պարտքը նացիզմի վերածնունդը թույլ չտալն է, որն այնքան տառապանքներ է պատճառել տարբեր երկրների մարդկանց», - ասված է հաղորդագրությունում։ Ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձներում ՌԴ նախագահը նշել է, որ «այսօր մեր զինծառայողներն, ինչպես նրանց նախնիները, թիկունք-թիկունքի կռվում են հայրենի հողը նացիստական արատից ազատագրելու համար», նա վստահություն է հայտնել, որ «ինչպես 1945 թ-ին, հաղթանակը մերն է լինելու»։ «Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Ուկրաինայի քաղաքացիներին հասցեագրված ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է այն մարդկանց գաղափարային հետնորդների ռևանշի անթույլատրելիությունը, որոնք տապալվել են Հայրենական Մեծ պատերազմում»։
15:35 - 08 մայիսի, 2022
«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

«Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից»․ Զելենսկիի ուղերձն՝ Ուկրաինայում նշվող Հիշատակի և հաշտեցման օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ Հիշատակի և հաշտեցման օրվա կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը։ Նա հայտարարել է, որ «չարիքը չի խուսափելու պատասխանատվությունից» և «չի թաքնվելու բունկերում», գրում է Liga.net-ը։ Տեսաուղերձը նկարահանվել է Կիևի մոտ գտնվող Բորոդյանկա բնակավայրում՝ փլուզված շենքի ֆոնին։ «Այս տարի մենք այլ կերպ ենք ասում «այլևս երբեք»։ Այլ կերպ ենք լսում «այլևս երբեք» խոսքերը։ Դրանք հնչում են ցավոտ, դաժան։ Առանց բացականչության և հարցական նշանով», - ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ փետրվարի 24-ին՝ ուկրաինական պատերազմի մեկնարկի օրը, «երբեք»-ը «ջնջել են, գնդակահարել և ռմբակոծել հարյուրավոր հրթիռներով»։ Նա ասել է, որ «չարիքը վերադարձել է», «ուրիշ կարգախոսներով, բայց նույն նպատակով» Ռուսաստանը «նացիզմի արյունոտ վերակառուցում է սկսել»։ «Ոչ մի չարիք չի խուսափի պատասխանատվությունից։ Չի կարողանա թաքնվել բունկերում։ Դրանից ոչինչ չի մնա, քարը քարին չի մնա», - ասել է նա։
15:00 - 08 մայիսի, 2022
«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

«Նպատակը ոգեշնչելն է»․ STARMUS փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակակիրներ ու հայտնի երաժիշտներ

Այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի գիտության, կրթության, արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, որը կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Նախկինում այն անցկացվել է եվրոպական տարբեր երկրներում, փառատոնին մասնակցել են հայտնի գիտնականներ, երաժիշտներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ 6-րդ STARMUS-ին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու Նոբելյան մրցանակի 8 դափնեկիրներ, հայտնի երաժիշտներ։ STARMUS-ին մասնակցելու համար Հայաստան կգա Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի բիոքմիկոս Թիմ Հանտը, հայտնի տիեզերագնաց Քրիզ Հադֆիլդը։ Փառատոնին կմասնակցեն ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, հայտնի ռոք երաժիշտներ Սերժ Թանկյանը,  Ռիք Վեյքմանը, Sons of Apollօ խումբը։ «Այնպիսի մարդիկ են հետաքրքված STARMUS-ին մասնակցելով, ինչպես Բրայան Մեյը, Փիթեր Գեբը, ու ես համոզված եմ, որ մասնակցելու են։ Շատ մեծ հետաքրքրություն կա Իլոն Մասկի, Բեզոսի գալու վերաբերյալ, ինչպես ասում են` Աստված տա, ամեն ինչ լավ լինի, որ իրենք էլ գան»,-ասաց Գարիկ Իսրայելյանը՝ հավելելով, որ առաջիկայում՝ որոշ պարբերականությամբ նաև մյուս հյուրերի անունները կհրապարակեն։STARMUS-ի նպատակը ոգեշնչելն էԳարիկ Իսրայելյանը պատմեց, որ STARMUS փառատոնի գաղափարը Queen ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյինն ու իրենն է եղել․ «Մենք միասին գաղափարը սինթեզեցինք ու 10 տարի տևեց, մինչև եկանք այն գաղափարին, որ պետք է ստեղծել այսպիսի փառատոն։ STARMUS-ի ամենակարևոր նպատակը ոգեշնչելն էր՝ ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարևոր է, առանց գիտության, առանց տեխնոլոգիաների ու առանց արվեստի մարդկության իմաստը գոյություն չունի»։ Աստղաֆիզիկոսը նշեց՝ իրենք ցանկանում են, որ գիտության և հասարակության միջև եղած անջրպետը նվազի․ «Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Լուսնի և արևի խավարումները, այսինքն՝ գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից։ Այդ անջրպետը  շատ անգամ արհեստականորեն է պահվել, իսկ հետո  գիտությունը այնքան բարդացավ, որ սկսեցին զարգանալ քվանտային ֆիզիկան, բիոտեխնոլոգիաները, ու այդ բարդությունը սկսեց այդ անջրպետը ստեղծել գիտության ու հասարակության միջև։ Եթե հասարակությունը չհասկանա, թե գիտությունը ինչի համար է պետք, այն չի գնահատվի  ու գիտությունը կմահանա։ Մարդիկ պետք է անպայման հասկանան դրա կարևորությունը։ Ես չեմ ասում, որ նրանք հասկանան քվանտային մեխանիկան, բայց կարևոր է իմանալ  հիմնական գիտական բազան․ ինչու է արվում է, ինչպես է արվում,  ինչ է գիտական մեթոդիկան»։Նա նշեց, որ STARMUS-ում փորձել են ներգրավել այն արվեստագետներին, ովքեր ուզում են գիտնականների հետ աշխատել, ովքեր ուզում են ստեղծագործել, ովքեր ուզում են համագործակցել ու ովքեր ուզում են աջակցել, որպեսզի գիտությունը հասանելի լինի հանրությանը․ «Պարզվեց, որ այդպիսի արվեստագետները շատ են, կան արվեստագետներ, որոնք պատրաստ են ձեռք մեկնել գիտնականներին, օգնել իրենց, որպեսզի գիտության հարգանքը, գիտության պոպուլյարիզացիան հասարակության մեջ մեծանա»։ Ինչո՞ւ  Հայաստանում  Աստղաֆիզիկոսն ասաց՝ STARMUS-ը որոշել են անցկացնել Հայաստանում, որովհետև այստեղ վերջին 30 տարում գրեթե ոչինչ չի արվել գիտության մասսայականացման համար․  «Զրոյական աշխատանք է կատարվել, որպեսզի գիտությունը հասցվի հասարակությանը։ Հիմա ես գիտեմ, որ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե Գիտության կոմիտեն առաջին անգամ  սկսել են քայլեր տանել այդ ուղղությամբ, որի վառ օրինակն է STARMUS փառատոնը Հայաստան բերելը։ Հայաստանում եղել է շատ լավ գիտություն, շատ մեծ գիտնականներ են եղել, շատ տրադիցիաներ են եղել  թե՛ գիտության, թե արտադրության, թե՛ տեխնոլոգիաների։ Ցավոք, այդ ամեն ինչը շատ թուլացել էր, և փորձելու ենք վերականգնել դա»։ Գարիկ Իսրայելյանը նաև պարզաբանեց, թե ինչու է փառատոնն այս անգամ կրում «50 տարի Մարսի վրա» խորագիրը․ «Հիմա մենք սկսել ենք ուրիշ դարաշրջան, որի տեխնոլոգիաները գնալու են մարդկությանը դեպի Մարս հասցնելը, բայց որը փոխելու է ամբողջ մարդկությանը։ Ինչպես 60-70 թվականները փոխեց մարդկությանը, այնպես էլ այդ խնդիրները, որ մեզ պետք է փորձեն հասցնել Մարս, էլի փոխելու են մարդկությանը, ու շատ են փոխելու։ Մեր փառատոնին կխոսենք այդ մասին․ ինչպես կլիմայի դեմ պայքարել, ինչպես նոր տեխնոլոգիաները արվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ ստեղծել, դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա, լավացնելու է կյանքը, բոլոր տեղական խնդիրները լուծվելու են դրա ուղղությամբ»։Փառատոնը նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի վայրէջքի 50-ամյակին։ Մարս 3-ը դեպի կարմիր մոլորակ է տեղափոխվել հայ հայտնի ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։ Գարիկ Իսրայելյանը   Ի՞նչ է սպասվում փառատոնի ընթացքումԳիտնականի կարծիքով՝ Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, և իրենց նպատակն է լինելու ոգեշնչել դպրոցականներին, ուսանողներին, հասարակությանը։  Փառատոնի շրջանակներում գիտնականները դասախոսություններ կկարդան դպրոցներում ու բուհերում, հանդիպումներ կլինեն Նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների,  նորարարների հետ։ Հանդիպումներ կլինեն գիտական համայնքի հետ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով․ «Փորձելու ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել,  դրա համար դիալոգ է պետք։ Ի տարբերություն այլ գիտական փառատոնների, մենք չենք թաքցնելու մեր գիտնականներին կամ ինեժեներներին ժողովրդից։ Մեր փառատոնը փակ չի լինելու, մենք չենք փակվելու համալիրում, այնտեղ սկսենք ու այնտեղ էլ վերջանա, STARMUS-ը բացվելու է ու նույնիսկ պլաններ կան թե՛ Գյումրիի, թե՛ Լոռիի հետ կապված, այսինքն՝ կփորձենք մաքսիմում բացել, որ ամբողջ Հայաստանում հետաքրքիր բաներ լինեն»։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասաց՝ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել STARMUS փառատոնը․ «Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք՝ համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները։Փառատոնի կազմակերպումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում, այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը»։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ ասաց, որ նախարարությունը կարևորում է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը․ «STARMUS փառատոնը այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերին սկիզբ տալու համար։ STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում գալիս է մեկ անգամ ևս փատելու, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության և արվեստի բնագավառում կարևոր դերակատարություն է ունեցել։ Վիկտոր Համբարձումյան, Ալեքսանդր Քեմուրջյան, Սերգեյ Մերգելյան, Գրիգոր Գուրզադյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս․ այս և շատ այլ անուններ հայտնի են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ նրանց թողած գիտական ու մշակութային ժառանգությունը դարձել է համամարդկային արժեք»։  Նանե Ավետիսյան
18:47 - 06 մայիսի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ հերքում է Ուկրաինային կամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականությունը

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, գրում է «Կոմերսանտը»։ «Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակ ամրագրված են դոկտրինային փաստաթղթերում։ Դրանք կիրառելի չեն այն խնդիրների կատարման համար, որոնք դրված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ», - ասել է Զայցևը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը հավատարիմ է հետևյալ սկզբունքին՝ «միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, և այն չպետք է սանձազերծվի»։ Մեծ Բրիտանիային միջուկային հարված հասցնելու հավանականության քննարկումը Զայցևն աբսուրդ է անվանել․ «Ձեր հարցը հասկացա՝ որպես ներկա պահին Ուկրաինայում կատարվող իրոք կարևոր իրադարձություններից բրիտանական հասարակության ուշադրությունն այն հարցերի քննարկման վրա շեղելու հերթական անհաջող փորձ, որոնց առաջ քաշումն ինքնին աբսուրդային է թվում», - ասել է նա։ Ավելի վաղ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա-1»-ի եթերում հայտարարել էր, որ «Սարմատ» հրթիռի կամ «Պոսեյդոն» էներգետիկ կայանքի մի հարվածը կարող է «Բրիտանիան ջրային անդունդը նետել»։   Նորա Վանյան
16:11 - 06 մայիսի, 2022
Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։ Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։   Նորա Վանյան
15:22 - 06 մայիսի, 2022
Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-ուկրաինական բանակցությունները լճացման փուլում են․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները լճացման մեջ են, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։ Զայցևն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք կողմ են ռազմական գործողությունների շտապ դադարեցմանը, անում են ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ «Աճում են զենքի մատակարարումներն Ուկրաինային, որոնց մասշտաբները հաշվարկվում են միլիարդավոր դոլարներով։ Միայն Վաշինգտոնը $3,8 միլիարդի ռազմական ապրանք է ուղարկել, - նշել է նա։ Սպառազինության մատակարարմանն ակտիվորեն մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանն ու Բալթյան երկրները։ Դա հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերմանը և զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում»։ Զայցևի խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու ցանկության բացակայության մասին ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները միայն հաստատում են Ուկրաինայի ապամիլիտարացման և դենացիֆիկացիայի խնդրի կատարման կարևորությունը։   Նորա Վանյան  
14:41 - 06 մայիսի, 2022