Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա
19:33 - 08 մայիսի, 2022

Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ․ «Ազով» գնդի սպա

Պատճառներ կան, թե ինչու «Ազով» գնդի անդամները չեն պատրաստվում հանձնվել։ Առաջինն ու հիմնականն այն է, որ Ռուսասատանն, ըստ նրանց, չի պատրաստվում ողջ թողնել իրենց, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ ասել է ուկրաինական Մարիուպոլ քաղաքում ռուսական զորքերի դեմ կռվող «Ազով» գնդի հետախուզության վարչության սպա Իլյա Սամոյլենկոն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը սպառնալիք է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար։

«Հանձնվելը մեզ համար տարբերակ չէ, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէ [պահպանել] մեր կյանքը»,- ասել է նա։

Սամոյլենկոն ասել է, որ ռուսական զորքեր եկել են «Ուկրաինան ոչնչացնելու»․ «Մեր գլխավոր նպատակը սպառնալիքը ոչնչացնելն է։ Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ ողջ աշխարհի, ազատ աշխարհի աջակցությունը։ Որովհետև մենք հիմա [աշխարհն] էլ ենք պաշտպանում»։

«Մենք կռվում ենք ազատ աշխարհի համար։ Որովհետև ռուսական ախորժակը միայն աճում է, եթե նրանք մեզ՝ ուկրաինական պաշտպանությունը ոչնչացնեն, ամեն ինչ կտապալվի։ Նրանք առաջ կանցնեն, կգնան Լեհաստան, Բալթյան երկրներ, գուցե՝ ավելի հեռուն»,- հավելել է սպան։

Ասուլիսի ժամանակ Սամոյլենկոն հաղորդել է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Ազովստալի» տարածքում քաղաքացիական անձինք են մնացել։ Բացի դրանից՝ քննադատել է ուկրաինական կառավարությանը, որ այն «չի կարողացել պաշտպանել Մարիուպոլը»։

 

Լուսանկարը՝ Reuters

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել