ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը։ ԱԳՆ  լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Հարգարժա՛ն գլխավոր տնօրեն,Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ այսօր այս առանձնահատուկ միջոցառմանը՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակին: Ինձ համար պատիվ է մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Նորին Գերազանցություն Տատյանա Վալովայայի հետ միասին: Հարգելի՛ գլխավոր տնօրեն,Ես բարձր եմ գնահատում Ձեր բացման խոսքը և շնորհակալություն եմ հայտնում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին՝ այս միջոցառմանը մասնակցելու և արժեքավոր ներդրում ունենալու համար: Դարեր շարունակ մենք ձգտել, պայքարել և հետամուտ ենք եղել մեր նախնիների հայրենիքում անկախություն ու պետականություն կերտելուն։ Այս առումով մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ ականատես ենք եղել, թե ինչպես է իրականանում մեր ազգային երազանքը։ 1992 թվականի մարտի 2-ին հայոց եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև՝ նոր էջ բացելով մեր երկրի պատմության մեջ՝ որպես համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք գնահատում ենք դրա արժեքը և սեփական փորձից գիտենք, թե որքան զոհողություններ են անհրաժեշտ ինքնիշխան իրավահավասարության առավելություններից օգտվելու, և որքան ավելի ջանքեր են պահանջվում այն պահպանելու համար։ Հայաստանն, այսպիսով, հաստատակամորեն և անդրդվելիորեն հանձնառու է բազմակողմանիությանը, որի կենտրոնում է Միավորված ազգերի կազմակերպությունը: Հայաստանն, այսպիսով, լիովին հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Այս լուսանկարներում, որոնք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, դուք կգտնեք այդ հետևողական հանձնառության օրինակները, որոնք արտահայտված են ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և կոմիտեներում ակտիվ ներգրավվածության միջոցով կազմակերպության հովանու ներքո համատեղ ջանքերում Հայաստանի ունեցած ներդրմամբ: Հայաստանը նախագահել և աշխատել է տարբեր բյուրոներում և կառավարման մարմիններում, մասնակցել մի շարք խաղաղապահ առաքելությունների, միացել առանցքային կոնվենցիաների և պայմանագրերի, կազմակերպել ՄԱԿ-ի միջոցառումներ և սերտորեն աշխատել ՄԱԿ-ի երկրի թիմի հետ: Հուսով եմ, որ այս լուսանկարները կկարողանան փոխանցել ՄԱԿ-ի շրջանակներում մեր ունեցած համագործակցության իրական ոգին և ծավալը, և համաչափ կարևորությունը, որ տալիս ենք կազմակերպության բոլոր հիմնասյուներին՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և զարգացում: Թույլ տվեք ամփոփել՝ մեջբերելով Քոֆի Անանին, ով հավատացած էր, որ «մեզ միավորում է ավելին, քան բաժանում է»։ Իսկապես, ՄԱԿ-ը եզակի հարթակ է, որը թույլ է տալիս մեզ կառուցելու այն ամենի վրա, ինչը միավորում է մեզ և կամրջելու մեր միջև առկա բացը։ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատալ այս առաքելությանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ մեզ հետ լինելու, և վերջին 30 տարիների ընթացքում այս համաշխարհային բազմակողմ միջավայրում Հայաստանի անցած ուղու հիշարժան դրվագները վերադիտելու համար»:
09:40 - 01 մարտի, 2022
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում Հայաստանը Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ։ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտորթյունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր  է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն»։
22:50 - 28 փետրվարի, 2022
Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Ժնևում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
14:24 - 28 փետրվարի, 2022
Հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝  Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի՝ Սումգայիթում հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ: «Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, համապատասխան դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։ Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
12:45 - 27 փետրվարի, 2022
ՀՀ-ն պատրաստ է ընդունել Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին և այլ փախստականների. ԱԳՆ

ՀՀ-ն պատրաստ է ընդունել Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին և այլ փախստականների. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:  Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների: Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։ Հեռախոսահամարներ՝ Կիևում դեսպանություն` +380442349005 +380671090506 +380689602524 +380685000782 Օդեսայում գլխավոր հյուպատոսություն` +380487039176 +380487039178 Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության` +79614084423»
18:48 - 26 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է: Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։ Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։
17:35 - 25 փետրվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց: «Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ որ Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:
19:16 - 23 փետրվարի, 2022
Հուսով ենք, որ ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը առաջ կմղի եռակողմ հայտարարությունների իրականացումը. Վահան Հունանյան

Հուսով ենք, որ ՌԴ-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը առաջ կմղի եռակողմ հայտարարությունների իրականացումը. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ:   հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին.  «Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ  պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը: Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։ Հուսով ենք, որ Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»,- հայտարարել է Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին։
18:37 - 23 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը կարևորել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանը կարևորել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։ Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30-ամյակը և կարևորել կազմակերպության հետագա զարգացումը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության միջոցով երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Գլխավոր քարտուղար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում: Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված փոխշահավետ տնտեսական համագործակցության, նորարարական և կայուն զարգացման, բարձր մրցունակության խթանման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը, որոնց հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը, կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։
17:10 - 23 փետրվարի, 2022
Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց . Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։ Հարց. Արդյոք հավանական եք համարում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից: Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա:
10:29 - 23 փետրվարի, 2022
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանում հարուցված քրեական հետապնդումների վերաբերյալ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարություն մասնավորապես ասվում է հետևյալը․ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»:
22:03 - 22 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։ Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
16:33 - 22 փետրվարի, 2022
ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ դեսպանը և Հունաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:   Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։   Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:   Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։   Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։  
14:40 - 22 փետրվարի, 2022