Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար |armenpress.am|

Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որը ներկայացված է Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով հավաքվել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ներկայացնելու իրենց պահանջը։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվում է գնալ Արցախ և հումանիտար օգնություն հասցնել։ Ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկները այլևս ուտելու բան չեն ունենա։ Մենք չենք կարող ուղղակի լռել ու տեսնել, թե ինչպես են մեր ծնողները, քույրերը, բարեկամներն ու ընկերները այնտեղ սովամահ լինում։ Այս պատասխանատվությունը կրում է նաև Կարմիր խաչը»,- ասաց Զաքարյանը։ Բողոքի ակցիայի մյուս մասնակից Սասուն Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև 10 օրից հետո Արցախում այլևս ուտելիք չի մնալու և մարդիկ սովի են մատնվելու։ «Խնդրում ենք ամբողջ աշխարհի հայությանը միանալ և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Արցախում ապրող 120 հազար հայ սովի է մատնված, խանութներում ուտելիք չկա, մարդիկ արդեն հիասթափվել են և չեն հավատում ապագային։ Հիմա մենք պետք է բոլորս միանանք մի հարցի շուրջ և պահանջենք բացել Լաչինի միջանցքը և հումանիտար օգնություն ուղարկել Արցախին»,- ընդգծեց Գաբրիելյանը։
18:34 - 14 հուլիսի, 2023
Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար
 |tert.am|

Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու  անհապաղ իրավիճակը կարգավորելու և  հումանիտար ճգնաժամը վերացնելու  ուղղությամբ։ Այս մասին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։ Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։ Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է  համաժողովրդական հանրահավաք։ Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։
17:23 - 14 հուլիսի, 2023
ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

2023 թ. հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա են եղել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ծնողների, հարազատների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:   Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին:
16:31 - 14 հուլիսի, 2023
Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |armenpress.am|

Հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ից պահանջեցին միջազգային բոլոր կառույցներին ներկայացնել ամբողջ իրականությունն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում և ակնկալում է, որ ամենասեղմ ժամկետում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի գրասենյակն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ, իրավիճակն ամբողջապես արտացոլող տեղեկատվություն կփոխանցի միջազգային բոլոր կազմակերպություններին։ «Մենք այս պահանջը ներկայացնում ենք և խնդրում ենք փոխանցել Առաքելության ղեկավարին։ Մենք արդարացիորեն ակնկալում ենք, որ առաջիկայում ԿԽՄԿ-ն հայտարարությամբ հանդես կգա և Արցախի ժողովրդին կտա տեղեկատվություն, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան փոխանցվել է միջազգային  կառույցներին։ Բնականաբար, առաջնահերթ դուք պարտավոր եք և պետք է ամբողջ իրավիճակը պատշաճորեն ներկայացնեք ձեր կենտրոնական գրասենյակին և հետևողականորեն պնդել, որ այդ տեղեկությունը՝ որպես արդեն իսկ վաղուց վառված կարմիր լույս, փոխանցվի միջազգային կառույցներին։ Ցավում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ, հղում անելով ձեր կողմից տեղեկատվության վրա, մեզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղետալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, ընդունեք և պատասխանատու գտնվեք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականություն չէ, սա միջազգային հարաբերություն չէ, խոսքն Արցախի բազմաչարչար ժողովրդի կյանքի և ապրելու մասին է»,- հայտարարեց Ներսիսյանը։ ԿԽՄԿ-ի Արցախի գրասենյակի մոտ ելույթ ունեցավ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն շատ լավ տիրապետում է, թե ինչ է կատարվում Արցախում, տեսնում է այն տառապանքները, որոնց միջով անցնում է Արցախի ժողովուրդը։ «Միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող այս կազմակերպությունը  ունի հրապարակային չխոսելու սկզբունք։ Միգուցե, հենց այդ սկզբունքն է, որ մինչև այսօր մեզ այս իրավիճակում է պահում։ Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես խնդրում եմ՝ զեկուցեք ՄԱԿ-ին, զեկուցեք միջազգային բոլոր կազմակերպություններին, զեկուցեք, թե ինչ է կատարվում այստեղ, զեկուցեք, որչ այս ժողովուրդը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ։ Դուք տեսնում եք չէ՞, թե ինչ է կատարվում այստեղ։ Միակ խնդրանքս է, որ ահազանգեք, թե ինչ է կատարվում այստեղ, կարևոր չէ՝ դա կանեք հրապարակային, թե ոչ հրապարակային, ուղղակի ահազանգեք»,- ասաց Ստեփանյանը։
11:59 - 14 հուլիսի, 2023
Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ Նա նշեց՝ շարժվելու են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։  Այնուհետև գնալու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, որտեղ նրանց միանալու են ասկերանցիները։ Ներսիսյանի խոսքով ռուս խաղաղապահներին ևս ներկայացնելու են Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հրապարակում ամեն օր ներկայացվելու Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Պետնախարարը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը։ 
10:16 - 14 հուլիսի, 2023
Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։  «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։ Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։ Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։ 
17:28 - 12 հուլիսի, 2023
ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|

ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի խոսնակ Նաբիլա Մասսալին հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքի արգելափակման կապակցությամբ։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով Կարմիր Խաչի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման ուղղությամբ: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն կարողանա շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը: «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 11-ին Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։ ՀՀ ԱԳՆ-ն այսօր նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։
15:36 - 12 հուլիսի, 2023
Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԼՂ-ում ԿԽՄԿ գրասենյակն Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջն՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, ընդգծելով, որ «մաքսանենգության կեղծ պատրվակով՝ Ադրբեջանի հուլիսի 11-ի քայլն այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է: «Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը: Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհում է միջազգային իրավունքով սահմանված ԿԽՄԿ հատուկ կարգավիճակը, որը ենթադրում է ԿԽՄԿ անձնակազմի, տրանսպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիությունը: Սա Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ գործունեությունը իրականացնելու համար միտումնավոր խոչընդոտներ հարուցելու առաջին դեպքը չի: Նախկինում ադրբեջանական կողմն ապօրինի արգելափակված հատվածում պահանջել էր իրականացնել ԿԽՄԿ վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ու մեքենաների ստուգումներ: Հարուցված խոչընդոտների հետևանքով հունիսի 15-ից 10 օր շարունակ ամբողջովին կասեցված էր ԿԽՄԿ կողմից դեպի Արցախ մատակարարվող դեղորայքի և բուժառուների երկկողմանի տեղափոխումը: ԿԽՄԿ գործունեությանը խաթարելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ մարդասիրական հարցերը և հումանիտար ճգնաժամը օգտագործվում են որպես Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու և անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ: Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Եվ այս քայլը այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է կազմում»,- ասված է Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։
16:38 - 11 հուլիսի, 2023
Կարմիր Խաչից հայտնում են՝ առանց իրենց իմացության են վարձու չորս վարորդ փորձել առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել Լաչինի միջանցքով

Կարմիր Խաչից հայտնում են՝ առանց իրենց իմացության են վարձու չորս վարորդ փորձել առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել Լաչինի միջանցքով

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  ԿԽՄԿ-ն դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»։ 
15:48 - 11 հուլիսի, 2023
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
 |1lurer.am|

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ |1lurer.am|

1lurer.am: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց պահման փաստը հաստատել է Բաքուն, այդ թվում՝ վերջերս առևանգված երկու զինծառայողին: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  «Մեր ներկայացուցիչները հնարավորություն են տվել նաև կապ հաստատել կապի տարբեր միջոցներով ընտանիքի անդամների հետ, ունեցել են առանձնազրույցներ ըստ մեր հաստատված ընթացակարգերի: Բնականաբար տեսակցությունների նպատակը՝ ստուգել պահման պայմանները, վերահսկել իրենց հանդեպ վերաբերմունքը, առողջական վիճակը, սակայն մեր բոլոր նկատառումները մենք չենք հրապարակում, դրանք կոնֆիդենցիալ քննարկման առարկա են պահող իշխանությունների հետ»,- ասել է Ամատունին:
17:25 - 10 հուլիսի, 2023
17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ հուլիսի 7-ին ԼՂ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում են ԼՂ ԱՆ-ից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։
13:46 - 07 հուլիսի, 2023
ԿԽՄԿ–ն Արցախից ևս 15 բուժառուի է տեղափոխել Հայաստան

ԿԽՄԿ–ն Արցախից ևս 15 բուժառուի է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
13:06 - 05 հուլիսի, 2023
«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
13:44 - 03 հուլիսի, 2023
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- հայտնում է Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
12:14 - 01 հուլիսի, 2023