ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|
15:36 - 12 հուլիսի, 2023

ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի խոսնակ Նաբիլա Մասսալին հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքի արգելափակման կապակցությամբ։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով Կարմիր Խաչի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման ուղղությամբ: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն կարողանա շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 11-ին Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։ 

Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։

ՀՀ ԱԳՆ-ն այսօր նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել