Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար |armenpress.am|
18:34 - 14 հուլիսի, 2023

Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որը ներկայացված է Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով հավաքվել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ներկայացնելու իրենց պահանջը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվում է գնալ Արցախ և հումանիտար օգնություն հասցնել։ Ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկները այլևս ուտելու բան չեն ունենա։ Մենք չենք կարող ուղղակի լռել ու տեսնել, թե ինչպես են մեր ծնողները, քույրերը, բարեկամներն ու ընկերները այնտեղ սովամահ լինում։ Այս պատասխանատվությունը կրում է նաև Կարմիր խաչը»,- ասաց Զաքարյանը։

Բողոքի ակցիայի մյուս մասնակից Սասուն Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև 10 օրից հետո Արցախում այլևս ուտելիք չի մնալու և մարդիկ սովի են մատնվելու։

«Խնդրում ենք ամբողջ աշխարհի հայությանը միանալ և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Արցախում ապրող 120 հազար հայ սովի է մատնված, խանութներում ուտելիք չկա, մարդիկ արդեն հիասթափվել են և չեն հավատում ապագային։ Հիմա մենք պետք է բոլորս միանանք մի հարցի շուրջ և պահանջենք բացել Լաչինի միջանցքը և հումանիտար օգնություն ուղարկել Արցախին»,- ընդգծեց Գաբրիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել