Մինչեւ չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի․ Հրաչյա Արզումանյան
23:15 - 29 հուլիսի,2021

Մինչեւ չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի․ Հրաչյա Արզումանյան

Ադրբեջանի այս ագրեսիվությունը, հարձակումները այն մարտավարության եւ ռազմավարության շրջանակում են, որը նրանք օգտագործում են, այսպես կոչված, հիբրիդային պատերազմներում, ուստի սա պատերազմի շարունակություն է՝ այլ մեթոդներով, ոչ այլ ինչ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների մասին։

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում՝ Վերին Շորժայից Սոթք ընկած հատվածում: Մարտերի հետեւանքով հայկական կողմը հուլիսի 28-ին ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։ Եւ չնայած երեկ պաշտոնական խողովակներով խոսվեց հրադադարի պայմանավորվածության մասին, հակառակորդն այսօր դարձյալ խախտել է այն, ինչի հետեւանքով մենք եւս մեկ վիրավոր ունենք։

Հրաչյա Արզումանյանն այն կարծիքին է, որ այս առումով նոր բան չկա․ Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը բավականին հստակ ու բաց հայտարարել է իր մտադրությունների մասին, թե՝ Սյունիքը նույնպես ադրբեջանական հող է, թե Երեւանը նույնպես ադրբեջանական ժառանգություն է, եւ այլն։ 

Ըստ տարբեր վերլուծաբանների՝ Ադրբեջանն այս սադրիչ քայլերով փորձում է երեք խնդիր լուծել՝ Նախիջեւանին կապող իր ցանկացած միջանքը, Արցախի վերաբերյալ որեւէ պահանջից Հայաստանի հրաժարումը, եւ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան՝ սահմանագծումն ու սահմանազատումը, բնականաբար, Ադրբեջանին շահեկան պայմաններով։

Այս իրավիճակում, սակայն, ըստ մեր զրուցակցի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ սա էլ է պատերազմի՝ տեղեկատվական պատերազմի տարր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պարտադրում են խնդրի քննարկում, որը իրականության հետ ոչ մի կապ չունի․

«Մենք գործ ունենք ռազմական գործողությունների, գործ ունենք պատերազմի շարունակության հետ։ Եւ պատերազմի պայմաններում խոսել դեմարկացիայի մասին՝ կոռեկտ չէ։ Դեմարկացիա չկա, կա ռազմական գործողությունների շարունակություն։ Կան լայնածավալ ռազմական գործողություններ, եւ կան նաեւ այլ մեթոդներ։ Եվ երկրորդ՝ դուք խոսում եք Ադրբեջանի քայլերի եւ մտադրությունների մասին, որոնք պայմանականորեն կարելի էր անվանել մարտավարական․ դրանք Ադրբեջանի քաղաքականության եւ ռազմավարության տարրեր են։ Ի վերջո՝ խնդիրը, բնականաբար, չի հանգում միայն միջանցք ստանալուն․ դա, այո՛, ռազմավարական խնդիր է, բայց, վերջին հաշվով, խնդիր է դրվում չեզոքացնելու եւ, հնարավոր է, նաեւ ոչնչացնելու հայկական պետությունը։ Նպատակը հայ ժողովրդի, հայկական պետության գործոնը քաղաքական քարտեզից հեռացնելն է, հայկական հարցի վերացումը, 21-րդ դարում հայկական հարցի ձեւակերպումը թույլ չտալը»,- մեկնաբանեց Հրաչյա Արզումանյանն ու նկատեց՝ հիմա հակառակորդը մեզ կրկին բաց ասում է իր նպատակներին մասին․ 

«Երբ օգոստոսին՝ պատերազմից առաջ, Էրդողանն ասում էր, որ անհրաժեշտ է ավարտել այն, ինչ սկսել են իրենց պապերը, իսկ հետո ռազմական շքերթում հիշվեց Էնվեր փաշան, մեզ բաց հաղորդագրություններ ուղարկվեցին, թե ինչպիսին են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի գաղափարական, ռազմավարական նպատակները։ Եվ հարցն այն է, որ մենք չենք ցանկանում դա ընդունել։ Այսինքն՝ հիմնական խնդիրը թուրքական կողմում չէ, եւ խնդիրը միայն միջանցքը չէ․ եթե հայկական կողմը գնա միջանցքը բացելուն, չի նշանակում, որ խաղաղություն կլինի, ո՛չ, պատերազմը կշարունակվի այլ մեթոդներով, այլ ասպարեզներում։ Կառաջանան այլ խնդիրներ։ Եվ, իմ կարծիքով, խնդիրները կվերջանան այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համաձայնի հրաժարվել պետականությունից»։ 

Իսկ Հայաստանն, ըստ քաղաքական գիտությունների դոկտորի, չի պատկերացնում՝ ինչ խնդիրների, սպառնալիքների առաջ է կանգնած։ Նրա կարծիքով՝ եթե ի վիճակի չես ձեւակերպել սպառնալիքը, եթե ի վիճակի չես ձեւակերպել խնդիրը, չես կարող գտնել լուծում, որովհետեւ անընդհատ լուծում ես սխալ խնդիր․ «Տեխնիկական գիտություններում կա այսպիսի սահմանում՝ խնդրի ճիշտ ձեւակերպումը լուծման կեսն է։ Այսինքն՝ մեր թուլությունը, մեր պարտությունը՝ 2020 թվականի արցախյան 2-րդ պատերազմում, հակառակորդի մտադրություններն ու նպատակները չհասկանալու հետեւանք են։ Հետեւանք են չհասկանալու այն, որ մենք պատերազմելու ենք ոչ թե փոքր Ադրբեջանի հետ, այլ Թուրքիայի, որի դաշնակիցն է Ռուսաստանը՝ մեր ռազմավարական գործընկերը»։

Արզումանյանի համոզմամբ՝ Հայաստանի՝ իրավիճակը եւ իրական սպառնալիքի համատեքստը ճիշտ գնահատելու ունակություն չունենալը մեզ բերեց պարտության։ Ուստի մինչեւ մենք չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի։

Մեր հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով ՀՀ-ն կարող է դիմակայել սպառնալիքներին, երբ հակառակորդը, փաստորեն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, շարունակելու է իր հռետորաբանությունն ու սադրանքները՝ իր նպատակին ամեն գնով հասնելու համար, Արզումանյանը պատասխանեց․

«Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, այո՛, ամեն դեպքում շարունակելու են սկսած ռազմավարությունը։ Բայց սկզբի համար մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը եւս դարձել է «արհեստական», որովհետեւ այս պատերազմից հետո, փաստացի, Թուրքիան կլանել է Ադրբեջանը, կարելի է ասել՝ այն Թուրքիայի մարզերից մեկն է դարձել, եւ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսից նրանք բավական մոտ են «մեկ պետություն, մեկ ժողովուրդ» մոտեցումն իրագործելուն։ Այս դեպքում մենք դիմակայում ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային եւ Ռուսաստանին, եւ այս քայլի գիտակցումը ստիպում է քեզ այլ կերպ նայել առկա քաղաքական, տնտեսական եւ այլ միություններին»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով՝ հնարավոր չէ լուծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պատերազմի խնդիրը՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները նորովի ձեւակերպելու։

Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի՝ այն հարաբերությունները, որոնք մենք ձեւավորել ենք հետխորհրդային շրջանում, հետխորհրդային Հայաստանի շրջանակներում, սխալ դուրս եկան, եւ, հետեւաբար, որպես ժողովուրդ, որպես պետություն՝ պետք է վերաձեւակերպել՝ ինչ ես ուզում, հետո՝ վերանայել քո դաշինքները, որովհետեւ դրանք բերեցին պատերազմի, պարտության․

«Նշանակում է՝ պիտի վերանայես՝ որն է Ռուսաստանի դերը, արդյոք քեզ պե՞տք է Ռուսաստանի ռազմական ներկայությունը, եթե պետք է, ապա ի՞նչ պայմաններով, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը եւ այլն։ Հնարավոր է՝ քեզ անհրաժեշտ է այլ ուժերի ներկայություն, հնարավոր է՝ դու պետք է չեզոք դիրք ունենաս։ Այդ պատճառով շարունակվող որոշումների շրջանակներում, որոնք քեզ հասցրին աղետի Արցախում, այդ նույն ճանապարհով շարունակելով՝ դու չես կարող լուծումներ գտնել, լուծումներ չեն լինի։ Անհրաժեշտ է կանգ առնել, հասկանալ՝ որտեղ ես, որոնք են Հայաստանի խնդիրները 21-րդ դարում, եւ դրանից հետո սկսել փնտրել դաշնակիցներ»։

Իսկ կարծիքները, թե եթե ՀՀ-ն վերանայի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները եւ փորձի դաշնակիցներ փնտրել, օրինակ, արեւմուտքում, ապա Ռուսաստանն ամեն ինչ կանի Հայաստանի համար ավելի վատ իրավիճակներ ստեղծելու համար, Հրաչյա Արզումանյանը շանտաժ է համարում, շանտաժ, որն արդեն 30 տարի է՝ լսում ենք․

«Դա օգնե՞ց մեզ շրջանցել պատերազմը։ Դա օգնե՞ց մեզ խուսափել պարտությունից։ Հետեւաբար, դու պետք է փնտրես այլ լուծումներ, այս 30 տարիների ընթացքում ընդունված լուծումները չեն աշխատում, դրանք հանգեցրին աղետի։ Եթե շարունակես այդ որոշումները, կստանաս եւս մեկ աղետ եւ հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի, հայկական պետականության ոչնչացում: Այսինքն՝ խնդիրը, որը մեզ բերեց պարտության, եւ պարտությունն ինքնին ստիպում են քեզ սկզունքորեն, խորապես վերանայել պետության հիմքերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս առումով պետք է խոսել հայկական նոր պետության մասին, կարեւոր չէ՝ ինչպես կկոչվի՝ 4-րդ հանրապետություն եւ այլն, բայց այս պարտությունը բերում է հայոց պատմության հետխորհրդային ժամանակաշրջանի եւ հետխորհրդային հայկական պետականության ավարտին․ 

«Այստեղից՝ պարտությունից հետո դու արդեն ստիպված ես կառուցել նոր պետություն։ Մինչ այդ դու ունեիր ընտրության հնարավորություն, եթե ավելի շուտ սկսեիր, հնարավոր է՝ չլիներ այս պարտությունը։ Բայց պարտությունը ստիպում ու պարտադրում է քեզ սկսել նոր պետության կառուցումը։ Եթե քո մեջ ուժ ես գտնում այդ ճանապարհով գնալու, ունենում ես նոր հնարավորություններ, եթե դա չես անում, ապա հեռանում ես քաղաքական պատմությունից»։

Ռիսկեր, Արզումանյանի համոզմամբ, միշտ կան․ ամեն դեպքում, երբ քայլեր չես ձեռնարկում հեռանալու համար, չի նշանակում, որ հարված չես ստանա։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի կետերից մեկը ռազմական գործողությունների դադարեցումն էր այն դիրքերում, որտեղ կանգնած ենք, ռազմագերիների փոխանակումը, միջանցքի քննարկումը։ Մեր զրուցակիցը հարց է հնչեցնում՝ զորքերը մնացի՞ն իրենց տեղերում․ չմնացին, ռազմագերիների փոխանակում տեղի ունեցա՞վ․ տեղի չունեցավ, այդ դեպքում ինչո՞ւ ենք կարծում, որ փաստաթուղթը ստորագրած կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, ապագայում կկատարեն իրենց պարտավորությունները։ Որտեղի՞ց երաշխիք, որ Ռուսաստանը չի խախտի պայմանավորվածությունները, որ Թուրքիան սահմանը չի անցնի, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին Նախիջեւանով Թուրքիայի ուղիղ հարձակումից․ «Նման երաշխիքներ չկան, պետք չէ հորինել»։ 

Ինչ վերաբերում է նոր դաշնակիցներին, ապա, Արզումանյանի համոզմամբ, չես կարող խոսել դաշնակիցների մասին, քանի դեռ ներսում չես կողմնորոշվել։ Մինչեւ ինքդ չորոշես՝ ինչ ես սկսում կառուցել, դաշնակիցներ որոնելը ոչինչ չի տա․

«Նախ՝ պետք է հասկանաս՝ ով ես դու, ինչ ես կառուցում, հետո փնտրես դաշնակիցներ։ Կլինեն նրանք արեւմուտքում, կլինեն նրանք Հեռավոր Արեւելքում, կլինեն նրանք Ասիայում, սա արդեն հաջորդ խնդիրն է, սակայն այսօր, քանի դեռ չես գիտակցել, որ պարտվել ես, որովհետեւ ամեն ինչ սխալ էր ու այժմ անհրաժեշտ է սկսել այլ կերպ, դաշնակիցներ փնտրելը իմաստ չունի։ Դաշնակիցներ պետք է փնտրել այն ժամանակ, երբ կողմնորոշվել ես՝ ուր ես գնում, քանի դեռ չես կողմնորոշվել՝ ինչ նպատակ ունես, օգնություն փնտրելն իմաստ չունի»։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել