Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին 1 կմ-ոց «շերտ» պետք է ձեւավորվի, որ բնակիչների ու հակառակորդի զինվորների շփումը բացառվի․ ԱԱԾ տնօրենի տեղակալ
 |armtimes.com|
21:45 - 29 ապրիլի, 2021

Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին 1 կմ-ոց «շերտ» պետք է ձեւավորվի, որ բնակիչների ու հակառակորդի զինվորների շփումը բացառվի․ ԱԱԾ տնօրենի տեղակալ |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին սահմանային շուրջ մեկ կիլոմետրանոց շերտ պետք է ձեւավորվի, որն այժմ չկա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը:

Նա սրանով է բացատրում սահմանին սադրանքների առկայությունը՝ ըստ էության չբացառելով, որ մինչ այսպիսի գոտի չձեւավորվի՝ սահմանը անվտանգ չի լինի:

Իսկ որպեսզի այդպիսի շերտ ձեւավորվի, գեներալ-լեյտենանտի համոզմամբ՝ պետք է իրավիճակը հանդարտվի, երկու կողմերը քննարկեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: ԱԱԾ պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցերը։ Բայց որպեսզի այն քննարկվի նաեւ հարեւան պետության հետ՝ պետք է մթնոլորտը հանդարտվի:

«Պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, եւ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ մարդիկ սահմանային գծի մոտ են բնակվում:

ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի ոնց կար, այնպես էլ կա: Փոխարենը, սակայն, այդ բնագիծը պետք է համապատասխանեցվի սահմանների պաշտպանությանը:

Հարցին՝ չեզոք գոտու հա՞րց պետք է լուծվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Սահմանային շերտի՝ երկու կողմից, որտեղ շփումը բացառվի, առավել եւս բնակիչների եւ հակառակ կողմի զինվորների միջեւ»:

Մեկ այլ հարցին, թե ի՞նչ տարածքի հաշվին է լինելու այդ շերտը՝ չեզոք գոտին, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «էդ կիլոմետրանոց շերտը ամեն մի պետություն իրա տարածքի հաշվին է անում, հարեւան տարածքի հաշվին այդ շերտը չեն կառուցում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»:

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել