Հայ գերիները VICE-ին պատմել են Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվելու մասին
 |factor.am|
22:35 - 27 ապրիլի, 2021

Հայ գերիները VICE-ին պատմել են Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվելու մասին |factor.am|

factor.am: Հայ զինվորները VICE պարբերականի հետ զրույցում պատմել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված բռնություների մասին։

Լրատվամիջոցը գրում է հայկական բանակի 20-ամյա զինծառայող Արմենի մասին, որը գիշերը լքված տնակում քնած է եղել, երբ հանկարծակի արթնացել է կրակոցներից։ Նա դուրս է եկել՝ 7 ընկերներին ներսում թողնելով ու տեսել ադրբեջանական կողմի կրակը։

«Ադրբեջանցիները սկսեցին կրակել մեզ վրա, բայց մենք նրանց չէինք տեսնում»,-պատմել է Արմենը, որը, մյուս հայ զինվորների նման, լրատվամիջոցի հետ խոսել է անանունության պայմանով։ Նա նաև նշել է, որ երբ վիրավորվել են, ադրբեջանցիները ռուսերեն ասել են՝ հանձնվեք, որ տանեն Կարմիր խաչ։ Հայերը հանձնվել են, սակայն, ըստ Արմենի, ադրբեջանցի զինվորները սկսել են ծեծել իրենց ու կալանքի տակ պահել։ Ադրբեջանցիները հարվածել են Արմենի գլխին, ծակել մետաղական ձողով, այնքան ամուր են կապել ձեռքերը, որ հիմա էլ սպիները մնացել են։

Արմենը պատմել է, որ հայերին Բաքվի ռազմական ոստիկանություն տեղափոխելուց հետո ծեծը շարունակվել է։ Նա հիշել է՝ ինչպես են հարվածներ հասցրել գլխին, նաև փայտի կտորներով։ Նա գլխի վիրավորում է ստացել, աչքերը փակվել են ու ադրբեջանցիները սպառնացել են սպանել նրան։

«Ռազմական ոստիկանությունը մեզ չի հարցաքննել, միայն ծեծել են։ Առաջին օրը շղթայեցին իմ ձեռները ջեռուցման համակարգին, և ես մնացի այդ դիրքում գետնի վրա նստած ամբողջ գիշեր։ Ես չէի կարողանում քնել ցավի պատճառով, դեմքս, աչքերս, ծնկներս ցավում էին։ Նրանք շատ էին հարվածել ծնկներիս, դրանք ուռել էին»,- պատմել է հայ զինծառայողը։

Լրատվամիջոցը գրում է՝ Արմենը, որը մինչ ազատվելը մի քանի ամիս կալանքի տակ է եղել, այն հայերից է, որոնք նախկին պատանդների, հայ պաշտոնյաների ու մարդու իրավունքների խմբերի խոսքով՝ ենթարկվել են բռնությունների։

Հոդվածում ասվում է, որ 60-220 հայ գերիներ դեռ ադրբեջանական կալանքի տակ են։ Հայաստանի պաշտոնյաները նույնպես ասում են՝ նրանցից շատերը վատ վերաբերմունքի են արժանանում։

«Մենք մտահոգված ենք նրանց հոգեբանական առողջությամբ ու գոյատևելու ունակությամբ, քանի որ Ադրեջանում բանտարկյալների հանդեպ դաժան են վերաբերվում»,- VICE-ին ասել է Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որը լոբբիստական գործունեություն է ծավալում ԵՄ-ում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ճնշելու Ադրբեջանին և ստիպելու՝ ազատ արձակել հայ գերիներին։

«Մենք տեսել ենք ադրբեջանցի ու թուրք զինվորների կողմից վատ վերաբերմունքի մասին փաստող բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։ Դա տառապանք է պատճառում ոչ միայն բանտարկյալների ընտանիքներին, այլև ամբողջ աշխարհի հայերին»,- ասել է Բալայանը։

Ադրբեջանը, սակայն, հայ գերիներին ահաբեկիչ է համարում ու հրաժարվում վերադարձնել։ Հրապարակման մեջ նշվում է, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հետո հայ ռազմագերիներն ադրբեջանական կալանքի տակ են, մյուսներն էլ պատանդառվել են հրադադարից հետո։ Human Rights Watch կազմակերպությունն էլ  իր զեկույցում ասում է, որ Արմենի պես գերիները ենթարկվում են դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի։

Կովկասում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան, որը զեկույցի հեղինակներից մեկն է, ասում է, որ հայերը պետք է համարվեն ռազմագերիներ և ազատ արձակվեն:

Շարունակությունը կարդացեք factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել