Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|
21:21 - 13 դեկտեմբերի, 2020

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոյի գնահատմամբ՝ Ալիևի և Էրդողանի դեպքում գործ ունենք ազգայնամոլական և իմպերիալիստական հռետորաբանության հետ: Ներկայացնում ենք հարցազրույցը պատգամավորի հետ:

- Պատերազմն այս պահին դադարել է, բայց հետպատերազմյա խնդիրների շարքում մարդկային կյանքի վտանգված լինելը շարունակում է օրհասական լինել՝ խոսքս իհարկե նախ և առաջ ռազմագերիների մասին է։ Ամեն օր համացանցում մեկը մյուսից սարսափելի կադրեր են հայտնվում։ Եվրախորհրդարանն արդյո՞ք տեղյակ է այս մասին, եթե այո ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

- Որպես մարդու իրավունքների հարցերի փոխնախագահ՝ բազմիցս եմ բարձրաձայնել այս բարդ իրավիճակի մասին: Տեսնում եմ, որ որոշ խմբեր որոշակի անկայունություն են սերմանում: Սակայն, մինչև հիմա մենք ստեղծված իրավիճակին որևէ հստակ լուծում չենք գտել: Կարծում եմ, որ եթե ցանկանում ենք այս սարսափելի հակամարտության լուծման ազնիվ միջնորդ լինել, անհրաժեշտ է հասնել հաշտեցման, և դրա համար պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները, որպեսզի համոզվենք, որ ռազմագերիները վերադարձել են իրենց ընտանիքներ: Այս սարսափելի իրողությունը կատարվեց մեր առաջ:

Հակամարտության պատճառով արդեն հազարավոր հայ երիտասարդներ զրկվել են կյանքից, ոմանք հաշմանդամ են դարձել: Այժմ անհրաժեշտ է նպաստել հրադադարի անվերապահ իրականացմանը: Անհրաժեշտ է վերադարձնել բոլոր գերեվարվածներին և նրանք պետք է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կամ իրենց իրավունքների ոտնահարման զոհ չդառնան: Մտավախություն ունեմ, որ այժմ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է օգտագործել ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարության և հասարակության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններն ընդունեն իրենց պահանջած նույնիսկ ավելի վատ պայմանները: Իսկ պայմաններն արդեն հաստատվել են երեք կողմերի միջև դժվարությամբ ձեռք բերված համաձայնագրում:

Այս պարագայում կարող է փորձ արվել գերեվարվածներին օգտագործել որպես գործիք, ինչն անընդունելի է, և Եվրոպան պետք է որևէ կերպ արձագանքի: Ես հաջորդ շաբաթ ելույթ եմ ունենալու Արևելյան գործընկերության վերաբերյալ քննարկման ժամանակ: Ճիշտ է, քննարկման թեման Լեռնային Ղարաբաղը չէ, սակայն պահանջելու եմ բարձր ներկայացուցչից, որպեսզի այլևս չեզոք դիրք չգրավենք, չլինենք երկդիմի և երկիմաստ, այլ լինենք թույլերի, տառապյալների կողքին: Այս պահին անհնար է գտնել ավելի մեծ տառապյալ, քան ռազմագերիներն ու իրենց հայրենիքը ստիպված լքողներն են:

- Իտալական մի շարք քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը։ Արդյո՞ք սա կարո՞ղ է հանգեցնել պետական մակարդակով անկախության ճանաչմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։

- Մի կողմից ես հույս ունեմ՝ դա այդպես էլ կլինի: Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ անհրաժեշտ է ունենալ համաեվրոպական համակարգված դիրքորոշում: Գիտեմ, որ այս հարցում կան պատրաստակամ երկրներ: Բաքվի և Անկարայի կողմից միաժամանակ կան տնտեսական և առևտրային տեսանելի ճնշումներ: ԵՄ պետություններում կան ընկերություններ, որոնք այդ երկրներում ներդրումներ են կատարել: Նրանք բոլոր հնարավոր միջոցները կիրառում են և բոլոր քայլերին դիմում են միասնական դիրքորոշման ձևավորումը ձախողելու համար:

Սա առաջին անգամ չէ: 2015 թ.-ից սկսած՝ Թուրքիան օգտագործում է միգրացիայի հարցը` Եվրամիությունից համաձայնագրեր, պայմանագրեր և ֆինանսավորում կորզելու համար: Անցած երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան մի կողմից վերահսկում է ներգաղթյալների արևելյան ուղիները՝ Սիրիայից Թուրքիայով դեպի Բալկաններ: Մյուս կողմից՝ նրանք մասնակիորեն վերահսկում են նաև կենտրոնական ուղիները, որովհետև Տրիպոլիտանիայում ունեն ռազմաքաղաքական և տնտեսական հզոր ազդեցություն, ինչը տեղի ունեցավ Հաֆթարի գործողությունները կասեցնելու և Լիբիա ներխուժելու հետևանքով: Կարծում եմ՝ այդ ամենը կրկին կդրվի սեղանին, սակայն Եվրոպան իրեն ավելի թույլ կդրսևորի, քան պետք է լիներ:

Մենք արդեն պետք է ընդունենք, որ Թուրքիան որևէ պարտավորություն չի կատարում՝ որպես միության անդամության թեկնածու: Ես միշտ նշել եմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան տեսականորեն: Սակայն ներկա Թուրքիան, ներկա կառավարությունը և ներկա նախագահը չեն համապատասխանում օրենքի իշխանության, մարդու իրավունքների և Կոպենհագենի չափորոշիչների մեր տեսլականին: Իսկ այդ չափորոշիչները պետք է հաշվի առնվեն և հարգվեն՝ Եվրամիությանն անդամակցելու համար: Նրանք նաև ՆԱՏՕ-ի անդամ լինելու կարգավիճակին արդեն չեն համապատասխանում: Ահա այսպիսի հակասական իրավիճակում ենք հայտնվել, որը պետք է հաշվի առնել: Պետք է նրանց հասկացնել, որ կան կարմիր գծեր, որոնք չեն կարող խախտվել:

Կարծում եմ՝ միակ ուղին, որի շնորհիվ նրանք կհասկանան դա, պատժամիջոցներն են: Ես այդ հարցում որոշակի կաշկանդվածություն եմ տեսնում: Կարծում եմ՝ սեփական տարածքում Գերմանիայի անձնագիր ունեցող երեք միլիոն թուրքերի ներկայությունը կարող է լինել նման մտավախության պատճառներից մեկը: Ինչպես նաև վախ կա, որ մինչև երեք միլիոն ներգաղթյալ կարող է հայտնվել Եվրոպայում: Դա հերթական անգամ կարող է օգտագործվել որպես դիվանագիտական զենք՝ Եվրոպային լռեցնելու համար: Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհաքաղաքական որևէ դերակատարում ունենալ, դա անընդունելի է:

-Կհամաձայնե՞ք Ավստրիայի կանցլեր Կուրցի հետ, որ ԵՄ-ը դարձել է Թուրքիայի բանտարկյալ՝ սիրիական փախստականների պատճառով։

-Սովորաբար ես կանցլեր Կուրցի հետ համաձայն չեմ լինում՝ քաղաքական հայացքների տարբերության պատճառով: Սակայն այս առնչությամբ նա ինչ ասում է, ճիշտ է: Արդեն պարզ է, որ մենք որոշ առումով գերի ենք: Որոշ երկրներ չափից շատ վախեցած են աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում ակնկալվող փախստականների հոսքից և տնտեսական հետևանքներից: Սակայն այդ պայքարն արդեն մեր դռներն է բախում: Որքան մենք թույլ լինենք հիմա, այդքան ավելի մեծ գին ենք վճարելու ապագայում:

-ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից կուլիսային տեղեկությունների համաձայն, Իտալիան ևս կողմ չի եղել Թուրքիայի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառման հարցում։ Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան պատժվելու համար, կամ ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան վախենում Թուրքիայից։

-Ինչպես ասացի՝ շատ եմ ափսոսում դրա համար: Սա այն պահն է, որ մենք պետք է ավելի կտրուկ դիրքորոշում որդեգրենք: Եվրամիության երկու անդամները՝ Հունաստանը և Կիպրոսը, Թուրքիայի աշխարհաքաղաքական քայլերի և դիրքորոշման պատճառով մեծապես տուժել են: Սակայն, միաժամանակ, մենք թույլ ենք տալիս, որ նրանք մեր հանդեպ լծակներ ունենան: Առաջինը, ինչպես նշեցի, ներգաղթյալների հոսքն է:

Բոլորս հիշում ենք 2015 թ. սարսափելի իրավիճակը: Եվրամիության ընդհանուր բնակչության հետ համեմատած չնչին քանակի՝ մոտ մեկ միլիոն փախստական եկավ Եվրոպա, սակայն դա պատճառ դարձավ, որպեսզի Շենգենյան համակարգը գրեթե կաթվածահար լինի: Այդ ժամանակ անդամ պետությունները փակեցին սահմանները, ի վիճակի չէին համարժեք արձագանքել և կատարել Շենգենյան համաձայնագրի պարտավորությունները, նրանք ցանկանում էին խնդիրներն իրենցից հեռու վանել:

Իտալիան, լինելով Միջերկարանի կենտրոնում, նույնպես վախեցավ, որ կարող է մյուս անդամ երկրների կողմից օգտագործվել որպես բուֆերային գոտի: Անդամ երկրները որևէ համերաշխություն չդրսևորեցին՝ որևէ քվոտա չվերանայվեց, որևէ տնտեսական աջակցություն չցուցաբերվեց, պարզապես ասացին՝ «Դուք պետք է ի շահ ամբողջ միության մեր փոխարեն անեք սև գործը»: Ուստի հասկանում եմ, որ այդ տեսակետից կասկածներ կարող են առաջանալ: Մենք կարող էինք լինել ամենաշատ տուժածը: Մենք կարող էինք հայտնվել և՛ Բալկանյան ուղու, և՛ Կենտրոնական միջերկարականից եկող ուղիների ազդեցության գոտում: Այդ ամենը հիմա Էրդողանի ձեռքին գործիք է դարձել: Նա ավելի է խորացնում իր սադրանքները Կիպրոսում: Նա այսպես կոչված Սիրիայի ձևաչափը ձգտում է կիրառել ամենուրեք՝ Լիբիայում, այժմ արդեն՝ Լեռնային Ղարաբաղում: Այդպես նա փորձում է ազդեցության լծակներ ունենալ: Թուրքիան և Ռուսաստանը դերակատարներ են, որոնք բաժանում են իրենց ազդեցության գոտիները, իսկ Եվրամիությունը մնացել է դիտորդի դերում: Միությունը բանակցության վրա որևէ նշանակալից ազդեցություն չունի, նույնիսկ այն պարագայում, երբ կա երկու կողմերին սեղանի շուրջ վերադարձնելու, անկեղծ և թափանցիկ մոտեցումներ ունենալու հստակ հանձնառություն:

Սակայն այդ ամենը որևէ շոշափելի արդյունք չի տալիս: Որքան ուշ դա մենք հասկանանք, այդքան խնդիրն ավելի կմեծանա: Որքան երկար նրանք տեսնեն, որ արձագանք չկա, այդքան ավելի կխորացնեն իրենց գործողությունները: Չէի ցանկանա պատմական զուգահեռներ անցկացնել: Սակայն այս իրավիճակը նմանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կայացած Մյունխենի կոնֆերանսին: Այդ ժամանակ էլ կար շատ ագրեսիվ մի ուժ, որն ավելի ու ավելի էր հզորանում և մեծացնում պահանջները, և մենք տեսանք, թե դա ինչի բերեց: Կրկնում եմ, չեմ ցանկանա համեմատություններ անել, դա չէ իմ նպատակը, և չէի ցանկանա ասել, որ այսօրվա Թուրքիան նույնն է, ինչ այդ ուժն էր 70 տարի առաջ: Սակայն այդ օրինակը բերեցի՝ տրամաբանությունը հասկանալու համար: Այդ ամենը վտանգավոր է Եվրոպայի և մեր հարևանների անվտանգության ու բարեկեցության համար:

 

Շարունակությունը՝ 1lurer.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել