Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին
20:17 - 07 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին

Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Այս մասին, չորեքշաբթի օրը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ: Հայտնում է tass.ru-ն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լուրն այն է, որ կա Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Սա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը, ինչից մենք ինքներս ենք փորձում խուսափել ամեն կերպ»,- ասել է Լե Դրիանը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան արդեն մի քանի անգամ հայտնել է իր դիրքորոշումը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր կողմերը գիտակցեն, որ իրենք պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ առանց որևէ նախապայմանի, և սկսեն բանակցություններ: Դրանք պետք է հանգեցնեն դրական արդյունքների, նույնիսկ եթե դա զգալի ժամանակ է պահանջում»,- նշել է նա՝ հավելելով, որ կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել: 

Նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է զինադադար ապահովել և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Նա հատկապես նշել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայումս շատ տագնապալի է։ Իսկ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համար»: 

Այս առնչությամբ Դրիանն ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը ամեն օր կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ` կարգավորման հասնելու համար:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել