Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունները գրեթե նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Այս պատերազմի ողջ ընթացքում չեն դադարում նաեւ ինֆորմացիոն մարտերը: 

Ադրբեջանական մեդիայում մեկը մյուսի հետեւից կեղծ տեղեկություններ են շրջանառվում, որոնց մի մասը հայտնվում է նաեւ մեր մեդիատիրույթում, մի մասն էլ նախատեսված է հենց իրենց լսարանի համար: Ստորեւ ներկայացնում ենք, թե այս օրերին ինչ մանիպուլյատիվ կամ կեղծ տեղեկություններ են շրջանառվել։ Շարքը պարբերաբար թարմացվում է։


29.10.2020

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Հայաստանին են փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմիններ, ինչպես նաեւ 2 քաղաքացիական անձանց՝ 85 ամյա Եվգենյա Բաբայանին եւ Միշա Մելքումյանին։
    Այնինչ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ գրառմամբ հայտնեց զոհված 29 զինծառայողների մարմինների փոխանցման մասին, իսկ Infocom-ի հետ զրույցում ասաց, որ միայն մեկ քաղաքացիական անձ է փոխանցվել։ Նա նշեց, որ քաղաքացիական անձը Հաջիեւի հիշատակած երկու քաղաքացիներից մեկն է։
    Զոհված զինծառայողների դիերը եւ քաղաքացիական անձը Հայաստանին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

  • ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է:

28.10.2020

  • Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն էր կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ:
    Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝
    1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:
    2. Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:
    3. Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:

 

27.10.2020

  • ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:
    Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն  որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ:

26.10.2020

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ կարճ անդրադարձ է կատարել Արցախում ընթացող պատերազմին և Հայաստանին։
    Թրամփի ելույթը բավականին արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն  մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել:
    Սակայն իր ելույթում Թրամփը Կոսովո-Սերբիա համաձայնագրի մասին խոսում է որպես իր դիվանագիտական ձեռքբերում, մեծ հաջողություն և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ |fip.am|

21․10․2020

 

  • Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը­­» հայտնում է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը:
    «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- նշել է Գևորգյանը:

 

20․10․2020

 

  • Հայկական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, ըստ որոնց՝ Սյունիքում հայկական կողմի սահմանապահների հետ սահմանային հսկողությանը միացել են նաև ռուս սահմանապահները: Սակայն ռուս սահմանապահների, ռուսական ջոկատի տեղակայումը Սյունիքում` մասնավորապես Մեղրու անցակետում, ամենեւին էլ նորություն չէ:
    Դեռեւս Խորհրդային միության տարիներից ի վեր` 1955 թվականից, Մեղրու սահմանապահ ջոկատը պահպանում է Իրանի հետ սահմանը: Անկախացումից հետո էլ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու ջոկատն է պահպանում այն:
    Սակայն Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ քննարկումների ֆոնին այս բովանդակությամբ հրապարակումները կարող են որոշակի ենթադրությունների առիթ դառնալ:
    Սյունիքի մարզպետարանից մեր զրույցում եւս հաստատեցին, որ տարածվող տեղեկությունները նոր չեն, եւ որ Մեղրիի ջոկատը արդեն 65 տարի է` տեղակայված է Սյունիքի մարզում: Մարզպետարանից նշեցին, որ ջոկատն այս պահին եւս պահպանում է միայն Հայաստանի եւ Իրանի սահմանը։

  • Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել, Արծրուն Հովհաննիսյանը հերքեց։ Նա նշեց, որ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողացել են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։

19.10.2020

  • Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել էին տեղեկություն, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը։ Տեղեկությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։
    Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող տեղեկությունը։
    Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով՝ Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:

18.10.2020

 

  • Չինական CGTN միջազգային մեդիա կազմակերպությունը ինսթագրամյան էջում հրապարակել է Ստեփանակերտում արված լուսանկարները` որպես Ադրբեջանական Գյանջա քաղաքում արված նկարներ: Հուղարկավորության ընթացքում արված լուսանկարներին կից գրության մեջ ասվում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքի հրթիռակոծման հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած բնակիչները վշտով լի աչքերով աղոթում են:

    Այս լուսանկարները ներկայացվել են որպես ադրբեջանական` չնայած այն հանգամանքին, որ լուսանկարներից մեկում ակնհայտորեն երեւում է Արցախի Հանրապետության դրոշը, ներկա գտնվողներից մեկն էլ ԱՀ ԱԻՊԾ աշխատակցի համազգեստով է: Մեկ այլ նկարում էլ երեւում է ծաղկեպսակ, որի վրա գրված են հայերեն բառեր: Lուսանկարներից մի քանիսի հեղինակը Ֆրանս Պրեսս գործակալության (AFP) լուսանկարիչ Արիս Մեսսինիսը: Վերջինս այս լուսանկարները հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, որից հետո դրանք լայն տարածում գտան նաեւ հայկական մեդիա տիրույթում: Լուսանկարիչը լուսանկարներին կից գրել էր.
    «Նրանք դա անվանում են կորուստ, բայց ցավը զգալ չեն կարող: Ծառայակից ընկերների հուղարկավորությունները Ստեփանակերտում 2020 թ. Հոկտեմբերի 17-ին, քանի որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ընթացքում կռիվը շարունակվում է»:

  • Հայկական լրատվականների և վերջիններիս ֆեյսբուքյան էջերի նմանությամբ ստեղծվում են կեղծ էջեր, որոնց նպատակը Հայաստանում թշնամու քարզչական քաղաքականությունն իրականացնելն է։ 
    Խոսքը, մասնավորապես, «lurer.live» կայքի և վերջինիս ֆեյսբուքյան էջի՝ «Լուրերի» մասին է, որի հրապարկումներից մեկն այսօր տարածել էին ոչ միայն հակառակորդի ֆեյսբուքյան էջերը, այլև ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
    Այս կայքը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության «1lurer.am» կայքի նմանությամբ։ Նպատակը՝ Հայաստանում ընթերցողների մեծ լսարան ունեցող լրատվամիջոցի անունից կեղծ լուրերի տարածումն է՝ մարդկանց առավել արժանահավատ թվալու համար։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացրեց, որ կայքի և ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։

 

17.10.2020

  • Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, տարածելով պատերազմական գործողություններում թիրախների խոցման կադրեր, դրանք ներկայացրել էր որպես Արցախում տեղակայված ռազմամթերքի պահեստի ոչնչացում։
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ իրականում ներկայացված տեսանյութում հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ  տեղակայված հոսպիտալի խոցումն է։ 

  • Վերջին օրերին Ադրբեջանի նախագահի մակարդակով ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով  դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ:

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքի սանձազերծած ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին:

 

16.10.2020

  • Պանթյուրքիստական «Günaz TV»-ն, ինչպես նաև իրանական «Sepahcybery» տելեգրամյան ալիքները հրապարակել են զինվորականների մասնակցությամբ մի տեսանյութ՝ նշելով, թե Հայաստանը մարտերին «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԿԲ) ահաբեկիչ զինյալներին է ներգրավել։
    Իրականում, որպես ապացույց ներկայացվող տեսանյութում ոչ թե ՔԿԲ ահաբեկիչ զինյալներ են, այլ Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք կամավորագրվել են՝ պաշտպանելու Արցախի Հանարպետությունը ադրբեջանական հարձակումներից։

    Տեսանյութում հնչող խոսքն էլ եզդիերեն է, որում վերջիններս ասում են՝ «Ո՞վ ենք մենք, եզդիներն ենք»։ Տեսանյութում տեսանելի է նաև եզդիների դրոշը։
    Բացի այդ՝ տեսանյութում երևացող անձինք նույնական են եզդիական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնց լուսանկարները դեռևս երեկ տարածվել էին ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Նույն տեսանյութը տեղադրվել էր նաև ինստագրամում գործող եզդիական «Pers_tna» ալիքում:

  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։

15.10.2020

  • «Новости Армении» տելեգրամյան ալիքում Արցախյան պատերազմի ընթացքում տուժածներին օգնություն տրամադելու նպատակով իրականացվում է դրամահավաք։ Էջն առաջարկում է դրամական օգնությունը փոխանցել 4890 4947 0987 4051 քարտային հաշվին։ Հատկանշական է, որ Telegram-ում նույն քարտային հաշիվին գումար փոխանցելու կոչով  հանդես է գալիս նաև ադրբեջանական «Азербайджан | Новости» ալիքը՝ իբրև աջակցություն Ադրբեջանի քաղաքացիներին։ Ստացվում է, որ նույն քարտային հաշվին փոխանցումներ են արվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
    Քարտային հաշիվը, որին փոխանցվում են գումարները, պատկանում է VIZA միջազգային դրամական փոխանցումների անդամ QIWI դրամապանակին։ Խաբեություններից խուսափելու համար կոչ ենք անում փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի ֆոնդերին։

  • Հայկական լրատվական դաշտում տարածվում է մի հոդված, ըստ որի՝ Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին։ Կայքերը հղում են կատարում Al-Monitor միջազգային լրատվակայքին։
    Al-Monitor-ն այս մասին իսկապես հայտնել է, սակայն դեռ այս տարվա մայիսի 31-ին։ Այսինքն՝ լուրի իսկությունը ճիշտ է, բայց այն նոր չէ։ 
    InfoPort լրատվականն իր հրապարակման մեջ հղում է արել նաեւ Razminfo կայքին, բայց վերջինս էլ այն հրապարակել է այս տարվա հունիսի 2-ին։
    Սակայն երբ լրատվամիջոցները այն տարածում են արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների եւ այս ընթացքում  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միջազգային նոր կոալիցիա ստեղծելու կոչի, ապաեւ Արցախի խորհրդարանի՝ համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն ստեղծելու կոչի ֆոնին, կարող է սխալ տպավորությունների եւ ենթադրությունների առիթ տալ։
    Ընդ որում, Al-Monitori այդ հոդվածում խոսք անգամ չկա Հայաստանի կամ Արցախի մասին։ Հոդվածում, որը հայաստանյան ու արցախյան լրատվականներում տարածվել էր դեռեւս հունիսին, խոսվում է այն մասին, որ Եգիպտոսը հայտնել է Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։

  • Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկությունն էին տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։
    ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Հյուսնունցը ողջ և առողջ է, շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները:

 

14.10.2020

  • Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածում էին «Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով» վերտառությամբ մի հրապարակում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է վերագրված Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը եւ հարակից հարցեր»-ը խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։
    Տեքստի հեղինակը ոչ միայն Արա Պապյանն է, այլեւ «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» վերնագրով հոդվածում, որտեղից վերցված է տվյալ հատվածը, խոսք անգամ չկա Սերգեյ Լավրովի մասին։
    Ավելին՝ 490 էջանի այս ժողովածուում միայն մեկ անգամ է հիշատակվում Սերգեյ Լավրովի անունը, այն էլ որպես բարձրակարգ դիվանագետի օրինակ։

  • ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունները, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, կեղծիք են: «Զինուժ մեդիայի» հետ զրույցում ինքը` Սանամյանն է հերքում իր մահվան մասին լուրը:

  • Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել էր էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
    ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:


13.10.2020

  • Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։
    Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։

    Տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար, անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին:

  • Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ-ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։
    Կապանի ԲԿ-ն բնակչությանը հորդորում է  լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունից եւ զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։

12.10.2020

  • Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր էին տարածում, թե Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել:
    Aliq Media-ն հրապարակել է քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված դրամական փոխանցման տեսանյութը:
    Ի դեպ` «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում:

  • Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: 

    Արցախի ՊՆ-ն հայտնեց նաեւ, որ ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը, իսկ օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: 


11.10.2020

  • ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

    Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:

    ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկեց որպես պարզունակ սադրանք և հրավիրեց շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։

  • Պաշտպանության բանակը հայտնեց, որ հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում, իսկ Ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրեր: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:


09.10.2020

  • ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները  հերթական կեղծիքն են` ավելացնելով, որ մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են  հակառակորդի բավարար թիրախներ։

    ՊՆ նաեւ նախազգուշացրեց, որ ադրբեջանական զինուժի՝ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։

08.10.2020

 

  • Hayeli.am-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե հայտնի է դարձել պետական դավաճանության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի անունը։ ՀՀ Ազգային անվտանգության՝ նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին հաղորդում եղավ: Hayeli.am-ի փոխանցմամբ «… այդ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ազգականն է, և այժմ նա Խառատյանի հետ հեռացել է երկրից»։  «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ ԱԱԾ-ն լուրն ապատեղեկատվություն էր անվանել՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրաված է այլ անձ, իսկ վերջինիս անունը հրապարակման ենթակա չէ։

  • ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:

 

06.10.2020


  • Կեղծ կամ հին լուսանկարները շարունակում են տարածվել սոցցանցերում:

    Բավական շատ էր տարածվում ծերունու լուսանկարը, որտեղ վերջինս, ի հեճուկս իր շուրջը կատարվող ավերածությունների, շարունակում է մնալ իր արդեն իսկ ավերված բնակարանում։ Այս լուսանկարը ևս Արցախյան պատերազմի հետ կապ չունի, այն արվել է 2017 թվականին Սիրիայում։  Լուսանկարում պատկերված մարդը հնաոճ ավտոմեքենաների սիրահար Մուհամմեդ Անիսն է՝ հնդկական WION լրատվականի լրագրողի կողմից 2017-ին Սիրիայում նկարահանված ռեպորտաժի հերոսը։

    Վիրակապով ժպտացող երեխայի լուսանկարը, որն ակտիվորեն տարածվում է ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, իրականում նույնպես բավական հին է. արվել է 2007 թվականին Հայաստանում: Այս մասին հիշատակվում է «Յունիսեֆ Հայաստանի» կայքում և ֆեյսբուքյան էջում։

    Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի ռազմական օդակայանը «հօդս է ցնդել»։ Դրանից հետո տարատեսակ հարթակներով սկսեցին տարածվել իբր Գյանջայի օդակայանը «երեկ և այսօր» պատկերող լուսանկարները։ Իրականում լուսանկարներում պատկերվածներից և ոչ մեկը Գյանջայի օդանավակայանը չէր։ «Երեկվա» նկարում պատկերված է Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանի օդանավակայանը, և նույնիսկ շինության վրա է երևում LƏNKƏRAN գրվածքը։ Իսկ «այսօրվա» նկարում պատկերված է Ուկրաինայի Լուգանսկի օդանավակայանը, որը 2014-ին լուրջ վնասներ է կրել Դոնբասում ընթացող պատերազմի ժամանակ։ Այսինքն, ո՛չ «երեկվա», ո՛չ էլ «այսօրվա» նկարներում իրականում պատկերված չէ Գյանջայի օդակայանը։

  • Որոշ դպրոցներում տարածվող ապատեղեկատվություններին ի պատասխան, թե դպրոցները փակվում են, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նման բան չկա, ու հիմք էլ չկա նման որոշման համար, անհրաժեշտության դեպքում որոշում կկայացվի:

    Վերջինիս խոսքով` ներկայում բնականոն ընթացք է, բացականերն էլ քիչ են: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով:

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ հակառակորդն այս օրերին կոտրում է www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:

    Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:

    Բացի այդ՝ նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորեց նաեւ չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին:

  • Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ էր տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն էր ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված են Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով ամբողջական տեսանյութը, հայտնեց, որ Վաղարշակ Հարությունյանի խոսքերը խեղաթյուրված և ենթատեքստից կտրված են ներկայացվել։ Վերջինս, խոսելով հակառակորդի ձեռնարկած քայլերի և մարտավարության մասին, շեշտում է, որ Ադրբեջանական կողմն է թիրախավորում խաղաղ բնակչությանը (ոչ թե հայկական կողմը)՝ խուճապ առաջացնելու նպատակով։ 

    Սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում առաջին դեպքը չէ, որ հակառակորդը ՀՀ պաշտոնյաների խոսքերը ենթարկում է կամայական խմբագրման և խեղաթյուրման:

  • Սոցցանցերում` մասնավորապես Facebook-ում, նորից  շրջանառվում է այս տարվա հուլիսին երեւան եկած տեղեկություն, ըստ որի` ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու օրնագիծը: Ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ օրինագիծը առաջ էր քաշել Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: 2021 թվականի` Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր այս փոփոխությունների փաթեթը:
  • Twitter սոցիալական հարթակում ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ, որը տարածում է կեղծ տեղեկություններ։ Ջալալ Հարությունյանը թվիթերում չունի միկրոբլոգ։

 

05.10.2020

 

  • «Дождь»-ի եթերում սխալմունք էր տեղի ունեցել. Ադրբեջանի Թարթառ քաղաքում տեղի ունեցածի լուսաբանման ժամանակ Ստեփանակերտի գնդակոծության կադրերն են հայտնվել եթերում։ «Дождь»-ը հայտնել էր, թե եթերում տեղի ունեցածը սխալմունք է, որի համար ներողություն է խնդրում իր բոլոր հեռուստադիտողներից։

  • Ադրբեջանական կողմը հայտարարեց, թե իբր Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի եւ Ապշերոնի տարածքները։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ այս հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

  • Նույն օրը CNN-ի թուրքական ծառայությունը՝ CNNTÜRK-ը, 8 րոպեանոց նյութ պատրաստեց «ԱՍԱԼԱ-ի եւ ՀՑԱՄ-ի (JCAG) ահաբեկչության արյունոտ պատմությունը» վերնագրով։ Ռեպորտաժում շրաջանառվում էր թեզ այն մասին, թե Արցախի Հանրապետությունում կռվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Լրատվականը ռեպորտաժի ընթացքում հրապարակել էր կադրեր, իբրեւ ՔԱԿ զինյալները կռվում են «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ:

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնեց, որ լրատվականի՝ որպես ապացույց հրապարակած դրվագները կեղծված են։ Մասնավորապես՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշի կողքին երեւացող նարնջագույն, կապույտ, կարմիր դրոշը իրականում պատկանում է կոլումբիական ազգային բանակին (FARC), ուստի դրոշի վրայի քարտեզը Կոլումբիայինն է:

  • Հաջորդիվ, փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ, լրատվամիջոցը հրապարակեց նաեւ 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդել, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։

    Սակայն պազրվեց, որ այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։

 

4.10.2020

 

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 4-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որեւէ տիպի կրակ չի վարվել։ ՊՆ-ն մեկնաբանեց, որ սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։

  • Նույն օրը տարածվեց Թուրքիայի երկու քաղաքացիների՝ Արտաշատում շրջելու ու զինվորականների համար գումար հավաքելու պատրվակով տներ ներխուժելու լուրը։ Այն նույնպես ապատեղեկատվություն էր։ 

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել էր.

    «Գիտեք, այդ հարցերը, կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակի ավելի լայն համատեքստում»:

    Փաշինյանի այս հայտարարությունը որոշ լրատվականներ աղավաղել էին։ Այսպես, «Հրապարակը», հղում անելով ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը, հետեւյալ վերնագիրն էր դրել նյութին. «Հայաստանը պատրաստ է քննարկել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»։ Իսկ հոդվածում Փաշինյանի խոսքը մեջբերված է՝ «պետք է քննարկվեն», այնինչ նա ասել է՝ «կարող են քննարկվել»։

  • ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով կեղծ էլեկտրոնային հասցե էր ստեղծվել։ Ստեփանյանն անմիջապես հայտարարել էր, որ բացված [email protected] էլեկտրոնային հասցեն իրական չէ: Նա ավելացրել էր նաեւ, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ 

  • Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրաիլը), բացարձակ սուտ է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի: Այս կեղծ լուրը հերքել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու հարձակողական բոլոր գործողությունները: 

 

3.10.2020

 

  • Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել էր հակառակորդի շրջանառած կեղծ լուրը։ Թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ եւ առողջ են։

  • Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երեւանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ աշխատակիցները։ Այս ահազանգից հետո տարբեր լրատվականներ, վերնագրերում հղում անելով ԱԻՆ-ին, գրել էին, թե Երեւանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է արկանման առարկա, ինչը տպավորություն էր ստեղծում, թե արկի հայտնաբերումն արդեն իսկ կայացած փաստ է։

    Սակայն, ԱԻՆ-ը հայտնել էր ոչ թե արկի հայտնաբերման, այլ ստացված ահազանգի մասին, ինչից հետո ինժեներասակրավորական խումբը
    պարզել էր, որ խոսքը մեկ Ֆ-1 տեսակի հին նռնակի մասին է։ ԱԻՆ-ի փոխանցմամաբ՝ նռնակը արդեն իսկ հանձնվել է ոստիկանությանը։

  • Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

    ԱԱԾ-ն պարզել էր, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռեւս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով եւ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում են, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երեւանում, իսկ Հայաստանից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:

  • Հակառակորդի կողմից տեղեկատվական եւ կիբերհարձակումների փորձերը շարունակվում էին։ Ըստ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի»՝ հայկական ինֆորմացիոն դաշտում գործող B2barmenia.com կայքը, իրականում, ինտերնետային խարդախության դասական օրինակ է։ Թուրքական ագրեսիայի դեմ իբրեւ քվեարկություն կատարելու համար բացված այս կայքի նպատակը օգտահաշիվներ շորթելն է։ Մուտք գործելով կայք՝ ընթերցողներին առաջարկվում է մուտքագրել էլեկտրոնային հասցեն եւ գաղտնաբառը։ Սխալվելու եւ այդ ինֆորմացիան հայտնելու դեպքում՝ ֆեյսբուքյան էջը կհայտնվի հաքերների ձեռքում եւ նրանց տնօրինման տակ։

Нет описания.

 

2.10.2020

 

  • Ստեփանակերտ քաղաքի բնակիչների տարհանման մասին տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը: ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։

  • Քաղաքացիների շրջանում եւ սոցցանցերում տարածվող այն տեղեկությունը, թե Արարատի եւ Արմավիրի մարզերում թուրքական դիվերսիոն խմբեր են ներթափանցել, եւս չէր համապատասխանում իրականությանը։

  • Ադրբեջանական Report գործակալությունն էլ հրապարակել էր լուսանկար, իբրեւ թե Հայաստանի բանակի 6-րդ լեռնահրաձգային գնդին օգնության գնացող 193-րդ առանձին գրոհային գումարտակի մարտական դրոշով։ ՊԲ-ն սա որակեց ակնհայտ ապատեղեկատվություն եւ փնթի բեմադրության արդյունք` ավելացնելով, որ նշված զորամասի մարտական դրոշը մարտական գործողությունների շրջանում է՝ հուսալի պահպանության ներքո եւ անձնակազմին մղում է նոր սխրանքների:

  • Ադրբեջանական լրատվականները (Day.az, oxu.az, baku.ws եւ այլն) «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված էին հրապարակել։ Ըստ լրատվամիջոցների՝ ինֆորմացիան հաստատող լուսանկարներ են հրապարակվել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Day.Az-ը, մասնավորապես, շեշտել էր, թե լուսանկարներում սիրիացի ահաբեկիչների հետ միասին հայկական զինված ուժերի սպաներ կան։

    Այս լուսանկարները համացանցում հայտնվել են դեռեւս 2019 թվականին եւ ներկայացնում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Սիրիայում ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքը։ Լուսանկարներն արվել են միջոցառման ժամանակ։

Нет описания.

  • Հայկական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ դատի հանձնախմբին, տեղեկացնում են, որ Միչիգանն այսօր ընդունած բանաձեւով ճանաչել է Արցախի Հանրապետությունը՝ դառնալով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվող այս լուրն իրականում նորություն չէ։ Միչիգանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս 2017 թ․-ի սեպտեմբերի 28-ին՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձեւը։

  • Համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որտեղ ասվում րէ, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեեւ տարվում է Ադրբեջան: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեսանյութում երեւացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։

  • Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր հայտարարություն, թե «ստացված տեղեկատվության համաձայն»՝ գիշերային մարտերի ժամանակ հայկական զինված ուժերի նահանջող զինվորների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

    Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնել է, որ տարածվող լուրը հակառակորդի հերթական հորինվածքն է։ Հայ զինվորների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

  • Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարություններ էին տարածում, թե ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է եւ չի համապատասխանում իրականությանը:

    Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով եւ տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որեւէ հրթիռ չի արձակվել»:

 

1.10.2020

 

  • Ապատեղեկատվություն տարածեց ադրբեջանական Trend.az-ը. «Հարյուրավոր հայեր մեքենաներով լքում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, թե սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են հայերը լքում Լեռնային Ղարաբաղը։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվակայքը կցել էր անձայն տեսանյութ։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնեց, որ այն հրապարակվել է երկու օր առաջ՝ aratta_armenia_ անունով ինստագրամյան էջում` կից գրությամբ` «Կամավորներով մեքենաների շարասյունը՝ Ղարաբաղ տանող ճանապարհին»։

Нет описания.

  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերից սկսած՝ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին հրետակոծում են Թարթառ քաղաքը։ Արցախի պաշտպանության բանակից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել էին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։



30.09.2020

 

  • Ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը սկսվեց հայատարարությամբ, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ եւ հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե հարվածը հասցվել է Harop տեսակի կործանիչ ԱԹՍ-ով։ Որպես ապացույց էլ ներկայացրել էին կործանիչի նկարը, սակայն հրապարակված նկարն առնվազն 4 տարվա հնություն ուներ: Բունկերի ոչնչացման մասին տեղեկությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում:

Нет описания.

  • Մեդիա տիրույթում նորից կեղծ նկարներ տարածվեցին: Սոցցանցերում տարածվում էին նկարներ, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը եւ Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրեւ թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեց, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։

  • Սոցցանցերում տարածվող հաջորդ լուսանկարը Հայաստանի դրոշի գույներով լուսավորված Ադրբեջանի Flame Tower կոչվող աշտարակներինն էր: Նշվում էր, թե այս օրերին հայ հաքերներն են դրոշի պատկերը տեղադրել շենքերին: Սակայն լուսանկարը նոր չէր. այն Բաքվի աշտարակներ վրա հայտնվել էր 2018 թվականին` Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով կեղծ լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը տարբեր հարթակներում, այս անգամ թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրեւ հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետեւանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետեւանք։ Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռեւս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։

Нет описания.

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսական լրատվամիջոցների միջեւ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին: Հանդիպման ընթացքում եւ դրան հաջորդող րոպեներին ադրբեջանական եւ ռուսական մի շարք լրատվականներ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացրին խեղաթյուրված։

    Մասնավորապես՝ oxu.az, media.az, dw.com, militarynews.ru եւ այլ լրատվակայքեր, հղում անելով interfax.az-ին, հայտնել էին, թե Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պետրաստ չէ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ռուսաստանի մասնակությամբ։ Այսպիսով վերջիններս տպավորություն էին ստեղծել, թե ՀՀ վարչապետը կողմ է բանակցություններին, սակայն ոչ ՌԴ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցությանը։ Իրականում, սակայն, լրատվականները խեղաթյուրել էին խոսքերը եւ ներկայացրել սեփական հայեցողությամբ։

    Հիշյալ թեմայով Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ ոչ այնքան տեղին է խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ»։

  • Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն էր տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Նմանատիպ լուսանկարները բազմաթիվ են համացանցում։

    Տեղեկությունը հրապարակել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն որոշ ժամանակ անց հեռացրել էր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին լուրը։

Нет описания.

 

29.09.2020

 

  • Կեղծ լուրերի մեկնարկը տրվեց Ադրբեջանական կայքերի տարածած կեղծ տեղեկություններով այն մասին, թե Ադրբեջանական բանակի գնդակոծության արդյունքում ոչնչացվել է Մարտունիի զորամասերից մեկը, եւ սպանվել է բարձրաստիճան սպա:

    Երեկ մամուլի ասուլիսի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը հերքեց մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելու մասին լուրը: Հովհաննիսյանը հերքեց նաեւ Մարտունու զորամասի ամբողջական ոչնչացման մասին ադրբեջանական կայքերի տարածած լուրը` նշելով, որ հայտարարությունն անգամ խոսում է ներկայացված ցածր որակի, ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին, թե իբր զորամասն ամբողջությամբ ոչնչացված է:

  • Թյուրըմբռնման առիթ դարձավ Razm.info-ի թվիթերյան անգլերեն էջում թուրքական ԱԹՍ-ի մասին տեղեկությունը, որը, ինչպես հետո նշվեց, առաջացել էր թարգմանչական սխալի ու անհաջող ձեւակերպման պատճառով: Տպավորություն էր ստեղծվել, թե այդ ԱԹՍ-ն մտել է ՀՀ տարածք։ Սակայն իրականում այն ՀՀ սահմանի երկայնքով շրջանաձեւ թռիչքներ էր կատարել, ըստ ամենայնի՝ հետախուզական տվյալներ հավաքելով, սակայն ՀՀ տարածք չէր մտել։

  • Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեսենջերի միջոցով ակտիվորեն տեղեկություն էր տարածվում այն մասին, թե կեսգիշերից մինչ ժամը 03:30 անհրաժեշտ է անջատել բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները (հեռախոս, համակարգիչ եւ այլն), քանի որ սպասվում է շատ բարձր ճառագայթում: Գրավոր տարբերակից բացի՝ սույն տեղեկությունը տարածվում էր նաեւ ձայնային հաղորդագրության միջոցով: Տարածվող տեղեկությունը կեղծ էր, եւ էլեկտրոնային սարքավորումները անջատելու անհրաժեշտություն չկար:

  • Հաջորդ ապատեղեկատվությունը այն մասին էր, թե Թալիշում զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ Ադրբեջանի հայտարարությունից ժամեր անց հրապարակվեց տեսանյութ, որտեղ Լեռնիկ Բաբայանը խոսում է իր «մահվան» լուրերի մասին: «Զինուժը» նույնպես հեռախոսազանգ էր ունեցել փոխգնդապետի հետ: Ադրբեջանից տարածվող այս տեղեկությունը նույնպես անհեթեթ սուտ էր:

  • Ապատեղեկատվությունների հոսքը շարունակվեց թուրքական խայտառակ սխալով: Թուրքական քարոզչությունը սերբ հայտնի դերասանին ներկայացրել էր իբրեւ Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան եւ պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce -ը Twitter-ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ. «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում...»:

  • Արմինե Մուսայելյան անունով ֆեյսբուքյան էջը փորձում էր տվյալներ հավաքել հայ զինծառայողների մասին: Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզել էր, որ Արմինե Մուսայելյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան էջը կոտրել է հակառակորդը։



28.09.2020

 

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր կեղծ տեղեկություններ՝ Հայաստանի տասնյակ միավոր տեխնիկայի ոչնչացման, ինչպես նաեւ 550 զինծառայողների սպանվելու կամ վիրավորվելու մասին: Մասնավորապես, նշվում էր, թե ոչնչացվել են 22 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 15 զենիթահրթիռային «ՕՍԱ» համակարգեր, 18 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 8 հրետանային համակարգ, կենդանի ուժի կորուստներն էլ կազմել են ավելի քան 550 սպանվածներ ու վիրավորներ:

    Այս ամենը հերքեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ասուլիսի ժամանակ հայտարարելով, որ մենք հարյուրավոր զոհեր չունենք, դա բացարձակ կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է, պաշտպանական գերատեսչությունը հայտնում է դրա մասին:

  • Սեպտեմբերի 28-ի հաջորդ ապատեղեկատվությունն առավել մեծ տարածում գտավ: Խոսքը Ադրբեջանի գեներալ Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի մասին է: Հայաստանյան կայքերում եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող այս կեղծ տեղեկության սկզբնաղբյուրը ադրբեջանական ֆեյսբուքյան էջն էր, որին էլ հղվել էին լուրը հրապարակած բոլոր լրատվականները: Ավելի ուշ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց նաեւ այս տեղեկությունը՝ նշելով, որ կենդանի գեներալ գերեվարված չէ:

  • Իսկ ահա Տիգրան Բալոյան անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որը ֆեյսբուքյան տիրույթում տարածել էին ավելի քան 4300 օգտատերեր: Ըստ հրապարակման` Ռուսաստանից գնված ռազմական տեխնիկան մեզ է հասնում Իրանի տարածքով, քանի որ Վրաստանն արգելափակել է իր տարածքով փոխադրումը, իսկ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարում Վրաստանի տարածքով:

    Չնայած այն հանգամանքին, որ այս գրառումը բավականին մեծ տարածում էր գտել, այնուամենայնիվ մինչեւ պաշտոնական հերքում տալը՝ օգտատերն այն արդեն ջնջել էր:

  • Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն էլ յութուբյան իր վիդեոբլոգում ասել էր, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։ Իրս իրականում Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չէին համապատասխանում իրականությանը։ Այս թեմայով առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

  • Ադրբեջանական եւ թուրքական մեդիատիրույթում շարունակում էր շրջանառվել կեղծ թեզն այն մասին, թե Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք աջակցում են հայկական կողմին՝ ադրբեջանցիների դեմ պայքարում։ Նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով:

    Այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրել էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված եւ YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը եւս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Թուրքական պաշտոնական աղբյուրները եւս առաջ էին տանում այս կեղծ թեզը։ Այս տեղեկությունը հերքվել է բազմիցս։ Դրան անդրադարձել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտանական աղբյուրները։ Մասնավորապես, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին խոսելով թեմայի մասին, հերքել էր այն։

Զարա Խաչատրյան