azatutyun.am: Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: Անտոնիո Գուտերեշը կողմերին հորդորում է առավելագույն զսպվածություն դրսևորել, երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ: Այս մասին երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակների շփումներ են ունեցել՝ դեէսկալացիայի կոչ անելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեռ անցած շաբաթասկզբին դիմելով Երևանին և Բաքվին՝ հորդորել էր վայր դնել զենքերը, թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Անտոնիո Գուտերեշը տարածած հայտարարությամբ խորը մտահոգություն էր հայտնել սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են ադրբեջանական կողմից առնվազն 11, հայկական կողմից՝ 4 զինծառայողների մահվան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել էր իր լիակատար աջակցությունը վտանգավոր իրավիճակի կարգավորման և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին:

Աշխարհի խոշորագույն կազմակերպության՝ ավելի քան 190 երկիր միավորող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի հակամարտող երկրներին հրադադարի կոչ էր արել դեռևս մարտին՝ կորոնավիրուսի համաճարակի թեժ օրերին, երբ աշխարհի պետությունները բախվել էին աննախադեպ առողջապահական ճգնաժամի: «COVID-9-ը ազգային, էթնիկ, կրոնական պատկանելիություն չի ճանաչում: Այն խոցում է բոլորին: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները, և առավել խոցելիները ամենաբարձր գինն են վճարում:

Այդ պատճառով անհապաղ գլոբալ հրադադարի կոչ եմ անում», - հայտարարել էր Անտոնիո Գուտերեշը՝ շեշտելով, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են, փախստականները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են դարձել: «Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը», - հայտարարել էր ՄԱԿ-ի ղեկավարը:

Պաշտոնական Երևանն անմիջապես արձագանքել էր այս կոչին: «Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին, որտեղ նա նշում է, որ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում պետք է հաստատել գլոբալ հրադադար»,-Թվիթերում գրել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: