Իտալական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հռոմի պապի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի հետ կապված ուղերձին, խաղաղության կոչին: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, «Իլ Մեսսաջերո»-ն, «Իլսուսսիդիարիո» պարբերականը և այլ ԶԼՄ-ներ մատնանշել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, ենթակառույցները, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը:

Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը, ով երկրի ներսում պայքարում է համաձայնության աստիճանական կորստի դեմ: 

Անդրադարձ է կատարվում նաև Մեծամորի ատոմակայանին ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև Անկարայի «Հայաստանը կվճարի» արտահայտությանը ու մեջբերումներ կատարվում Հռոմի Պապի կիրակնօրյա կոչից:

 Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 19-ին Ս․ Պետրոս հրապարակում տեղի ունեցած կիրակնօրյա Angelus-ի ընթացքում վերահաստատել է համաշխարհային զինադադարի մասին իր կոչն ու մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերսկսված զինադադարի խախտումների վերաբերյալ և միջազգային հանրությանը միջնորդելու կոչ արել: Իր խոսքում Հռոմի Պապը մասնավորապես ասել է. «Առանձնահատուկ մտահոգությամբ եմ հետևում անցնող օրերի ընթացքում Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրացմանը։ Իմ աղոթքներս եմ ուղղում զոհվածների ընտանիքներին և հուսով եմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ և կողմերի միջև բարի կամքի ու երկխոսության միջոցով հնարավոր կլինի գալ երկարատև խաղաղ լուծման»: