ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|
20:30 - 18 հուլիսի, 2020

ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|

lragir.am: Զրուցակիցն է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը

- Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Մինչ այդ էլ թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ սատարում են Ադրբեջանին։ Որքանո՞վ Թուրքիայի ակտիվությունը պետք է լուրջ ընդունել։

- Ընդհանրապես Թուրքիային պետք է լուրջ ընդունել։ Նա տարածաշրջանում հավականություններ ունեցող, դրանք բարձրաձայնող և իրացնել փորձող երկիր է։ Եվ ասվածը գործնականում տեսնում ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, Իրաքում, նաև Լիբիայում և Արևելյան Միջերկրականում։ Իսկ եթե հիշենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս արտահայտած «աշխարհը մեծ է հինգից» միտքը, որը յուրատեսակ բողոք է ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից բացի մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի նվազ դերակատարման դեմ, ինչպես նաև միջուկային զենք ունենալու ցանկության մասին հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ Էրդողանի հավակնությունները չեն բավարարվում տարածաշրջանով։ Հայաստան-Ադրբեջան հերթական լարվածությունն էլ հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բացեիբաց բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին։ 4 օրերի ընթացքում բազմաթիվ արձագանքներն են եղել՝ սկսած նախագահ Էրդողանից վերջացրած անհայտ քաղաքական գործիչներով։

Միակողմանի, չհավասարակշռված, կոռեկտության սահմաններն անցող բառապաշարի կիրառմամբ բարձաստիճան պաշտոնյաների, պետական գերատեսչությունների հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան սահմանին թուրքական մարտական ԱԹՍ-ների թռիչքների մասին մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական և քարոզչական փաթեթավորմամբ տեղեկությունները մի քանի հասցեատերերի ուղղված ուղերձներ էին։ Նախ աջակցություն էին Ադրբեջանի իշխանություններին, որոնք հանրային դժգոհության լուրջ ճնշման տակ էին, և ազդակներ ադրբեջանական հասարակությանը, որ «թուրք մեծ եղբայրն իրենց կողքին է և միայնակ չի թողնելու»։ Հայաստանին հոգեբանորեն ճնշելու և ըստ իրենց «Հայաստանին իր տեղը ցույց տալու» փորձ։ Տարածաշրջանում հավակնություններ ունեցող այլ պետությունների և մասնավորապես Ռուսաստանի առաջ ցուցադրում, որ Թուրքիան այստեղ կենսական շահեր ունի և պատրաստ է դրանք պաշտպանել։

Անդրադառնալով փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորությամբ Ադրբեջանի ՊՆ պատվիրակության այցին, որի կազմում է եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, կարծում եմ արժե նշել, որ այցը համընկավ հուլիսի 16-ի հետ, երբ ՀՀ զինված ուժերը կասեցրել էին ադրբեջանական հերթական հարձակումը։ Ակնհայտ է, որ օրակարգում սահմանային հարցն է եղել։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել։ Այս պահի դրությամբ այցի շոշափելի արդյունքը Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության պետ Իսմայիլ Դեմիրի հայտարարություն է, որ պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ։

Այստեղ նշեմ, որ այս ոլորտում համագործակցությունը նոր չէ․ Թուրքիան Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարներից է։ Այս տարի Թուրքիան 30 մլն դոլարի վարկ էր տրամադրել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, իսկ հուլիսի սկզբին Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը հայտնել էր, որ թուրքական ԱԹՍ-ներ են ձեռք բերելու։ Այս պահին ինձ հետաքրքրող հարցերից մեկն է, թե այդ համալրումները Թուրքիայի տրամադրած 30 մլն վարկի շրջանակներում են լինելու, թե ոչ։

- Որքանո՞վ էր այս հարձակումը Թուրքիայի գիտությամբ կամ միջամտությամբ տեղի ունեցել։

- Ես հակված չեմ այն կարծիքին, որ սա Թուրքիայի հետ պլանավորված կամ պայմանավորված հարձակում էր։ Թուրքիան Ադրբեջանի հարձակումն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու տարածաշրջանի նկատմամբ իր պատմական հավակնությունների, կենսական շահերի առկայության մասին։ Ընդ որում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում նկատվում են անուղղակի ակնարկներ առ այն, որ լարումի հետևում կանգնած են այլ ուժեր։ Ինչպես օրինակ Էրդողանը Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ՝ նշել, թե «նման քայլը Հայաստանի տրամաչափից դուրս քայլ» էր։

Այսօր արդեն Էրդողանի կրկին հայտարարությունը է արել թեմայի առնչությամբ, որը խիստ տարբերվում էր նախորդից, և հիմնականում կիրառվել են մշտապես օգագործվող, մեզ համար սովորական դարձած արտահայտություններ։ Սա ցույց է տալիս, որ կրքերը Թուրքիայում հանդարտվելու միտում ունեն, և այս պահին Թուրքիան շահագրգռված չէ իրավիճակի թեժացմամբ։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել