ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:

Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։