Ուժային երկու կառույցների ղեկավարները պաշտոնից ազատվել են վարչապետի որոշմամբ. Էդուարդ Աղաջանյան |aysor.am|

aysor.am:  ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը պաշտոններից ազատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, դա եղել է վարչապետի որոշումը, այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա տեղեկացրեց, որ վարչության նիստում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ ուժային երկու կառույցների պաշտոնանկության հարցը։

«Հայտնի երկու պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ։ Կարևորագույն շեշտադրումն այս պահին այն է, որ դրանք եղել են վարչապետի որոշմամբ։ Ինչ վերաբերում է պաշտոնանկությունների պատճառներին, ապա կարող եմ ասել, որ երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել», - հայտարարեց Աղաջանյանը։

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նոր թեկնածուների նշանակման վերաբերյալ, ըստ Աղաջանյանի, հարց չի քննարկվել ՔՊ նիստում։ «Այս պահին նոր նշանակումների մասին հարց չի քննարկվում», - ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 16-ին, իսկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ այսօր։

x