Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից
16:28 - 07 մայիսի, 2024

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Հարցնում եք՝ ինչու եք վստահ, որ 4 գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից [Տավուշի 4 գյուղեր տալուց հետո]․ վստահ եմ՝ մի պատճառով, որ դա լեգիտիմ չի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իմ ասածը կարող է չափազանցություն է հնչում, բայց մենք չորս գյուղ չենք տալիս քաղաքական եւ անվտանգային տրամաբանությամբ, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։ Ես վստահ եմ դրա համար, որովհետեւ այ սա (ցույց է տալիս սահիկը, որի վրա ՀՀ տարածքը նշված է 29 հազար 743 ք․ կմ) ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ցանկացած բան, որ մենք կպահանջենք էս տարածքում, լեգիտիմ է, եւ ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն էս տարածքում, ոչ լեգիտիմ է»։

Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ սահիկում ցուցադրած 29 հազար 743 ք․ կմ տարածքում ներառված ե՞ն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները (Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում)։ Փաշինյանն ասաց, որ այդ թվում մտնում են բոլոր այն տարածքները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե եղել են ՀՀ տարածքում, եւ այո, այդ տարածքները ներառյալ։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի դելեգիտիմացիան կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը դելեգիտիմացիայի ենթարկվել է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ փաստաթուղթը, որն ընդունվել է սահմանազատման հանձնաժողովների նիստում, Հայաստանը միակողմանի չի ստորագրել, ստորագրել է նաեւ Ադրբեջանը․ «Նաեւ Ադրբեջանն է դելեգիտիմացրել էդ պատերազմը, ինչու, որովհետեւ էնտեղ հստակ արձանագրված է, թե էն բոլոր հարցերը, որոնք կան, որոնք կարող էին դառնալ պատերազմի պատճառ, ինչ սկզբունքով պետք է լուծվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել