Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Նախատեսվում է Սյունիքում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել

Նախատեսվում է Սյունիքում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։  Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։ Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային և տարածքային պայմանների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական ու սարքավորումների հագեցվածության առումով, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության արդյունավետ իրականացում և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների համար ձեռնտու լոգիստիկ լուծումների ընտրության հնարավորություն։ Էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումը, որը հնարավորություն կստեղծի իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհան» սկզբունքով։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնել մեկ վայրում, արդյունքում էապես կրճատելով ապրանքների ժամանման պահից մինչև բացթողումը ծախսվող ժամանակահատվածը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների գործարքային ծախսերը: Միաժամանակ, հաշվի առնելով նորագույն թվային լուծումների ներդրումը, նվազագույնի կհասցվի նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
14:00 - 15 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։ Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։ Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
15:17 - 13 մայիսի, 2024
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Հարցնում եք՝ ինչու եք վստահ, որ 4 գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից [Տավուշի 4 գյուղեր տալուց հետո]․ վստահ եմ՝ մի պատճառով, որ դա լեգիտիմ չի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իմ ասածը կարող է չափազանցություն է հնչում, բայց մենք չորս գյուղ չենք տալիս քաղաքական եւ անվտանգային տրամաբանությամբ, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։ Ես վստահ եմ դրա համար, որովհետեւ այ սա (ցույց է տալիս սահիկը, որի վրա ՀՀ տարածքը նշված է 29 հազար 743 ք․ կմ) ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ցանկացած բան, որ մենք կպահանջենք էս տարածքում, լեգիտիմ է, եւ ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն էս տարածքում, ոչ լեգիտիմ է»։ Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ սահիկում ցուցադրած 29 հազար 743 ք․ կմ տարածքում ներառված ե՞ն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները (Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում)։ Փաշինյանն ասաց, որ այդ թվում մտնում են բոլոր այն տարածքները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե եղել են ՀՀ տարածքում, եւ այո, այդ տարածքները ներառյալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի դելեգիտիմացիան կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը դելեգիտիմացիայի ենթարկվել է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ փաստաթուղթը, որն ընդունվել է սահմանազատման հանձնաժողովների նիստում, Հայաստանը միակողմանի չի ստորագրել, ստորագրել է նաեւ Ադրբեջանը․ «Նաեւ Ադրբեջանն է դելեգիտիմացրել էդ պատերազմը, ինչու, որովհետեւ էնտեղ հստակ արձանագրված է, թե էն բոլոր հարցերը, որոնք կան, որոնք կարող էին դառնալ պատերազմի պատճառ, ինչ սկզբունքով պետք է լուծվեն»։
16:28 - 07 մայիսի, 2024
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ

Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում, քարե պատնեշին հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով փորձել էին իրացնել և ներկրել Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը երեկոյան կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվեց հինգ փաթեթ՝ մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով, 4,63 կգ ընդհանուր քաշով: Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Նույն կազմով համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին նույն վայրում հայտնաբերվեց կպչուն ժապավենով իրար կպցրած երկու փաթեթ: Մեկը լցված էր մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման 110 գրամ զանգվածով, մյուսը՝ մարիխուանայի նմանվող 612 գրամ զանգվածով: Նշված տարածքում էր նաև 34-ամյա մի տղամարդ, որը նշված զանգվածները դեռևս չպարզված հանգամանքներում մաքսանենգ ճանապարհով Իրանից ներկրել էր Հայաստան: Այստեղ էր նաև նրա վարած «Հյունդայի ակցենտ» մակնիշի ավտոմեքենան: Հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամը 01.55-ին տղամարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց Մեղրիի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթով կատարվում է նախաքննություն: Նույն վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ոստիկանության Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների հետ, ապրիլի 17-ին՝ ժամը 22.45-ին, Երևան-Երասխ ճանապարհին գտնվող գազալցակայանում հատնաբերեցին և ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդու: Իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նա տեղափոխվեց նախ Արտաշատի, ապա՝ Կապանի բաժին: Ապրիլի 9-ից նա հետախուզվում էր հենց Կապանի բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
12:14 - 19 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
 |tert.am|

Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին |tert.am|

tert.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից բազմաթիվ այլ ծրագրեր կան։ «Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը։ Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։
12:51 - 28 մարտի, 2024
Վստահ եմ, որ մոտ ապագայում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն․ Սյունիքի մարզպետ

Վստահ եմ, որ մոտ ապագայում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն․ Սյունիքի մարզպետ

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։  Ռ․ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ  խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։  Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։   Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։  Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։ Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էին նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ փոխգործակցության հնարավորությունները։  Սյունիքի մարզպետը պատասխանեց նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արեց, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝   փոխանակելով տեղեկություններ, սերտացնելով համագործակցությունը,  ինչպես նաև հայ ու իրանցի  տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով»,- նշված է աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
15:29 - 09 մարտի, 2024