«Ներողություն, ցտեսություն, Ձեզ չենք կարող ընդունել» կամ «Ձեզ կզանգահարենք…»
14:58 - 10 մարտի, 2023

«Ներողություն, ցտեսություն, Ձեզ չենք կարող ընդունել» կամ «Ձեզ կզանգահարենք…»

Արև Մելքոնյանը բարձրագույն կրթություն ունի ինֆորմացիոն տեխնոլոգիաների
ոլորտում, որը շատ պահանջված է աշխատաշուկայում: Գերազանցությամբ է ավարտել համալսարանը՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ, նաև մագիստրոսի աստիճան է ստացել: Տասը տարի աշխատել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում: Այժմ տևական ժամանակ է՝ իր մասնագիտական գիտելիքներով աշխատանք է փնտրում, և դեռևս ապարդյուն: Տարբեր կազմակերպություններ է դիմում, բոլոր տեղերից արձագանք է ստանում, զանգում հրավիրում են հարցազրույցի, բայց երբ տեղեկացնում է, որ անվասայլակով է տեղաշարժվում, այդ պահից գործատուների վերաբերմունքը փոխվում է: Նույնիսկ հարցազրույցի փուլին մասնակցելու հնարավորություն չեն տալիս․

«Երբ ասում եմ՝ գիտեք, ես անվասայլակ եմ օգտագործում, արդյոք կկարողանա՞մ մուտք գործել շենք, ստանում եմ պատասխան, որ ցավոք ոչ, չունենք այդ շենքային պայմանները, չունենք թեքահարթակ, երկրորդ հարկ պետք է բարձրանաք, և վերելակ չկա, կամ դռներն են նեղ: Ու ասում են՝ «ներողություն, ցտեսություն, ձեզ չենք կարող ընդունել»,- պատմում է Արևը և հավելում, որ նույնիսկ չեն ընդառաջում հարցազրույցն առցանց անցկացնել:

Արև Մելքոնյանը

Գործատուները խոշոր, հայտնի ընկերություններ են, որոնք, ենթադրվում է, որ պետք է շենքային տարրական պայմաններ, մատչելիություն ապահովեն, բայց բացառապես բոլոր դեպքերում հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ չունեն հարմարություններ: Եվ այդպիսով, հարցազրույցի փուլին չհասած, միանգամից մերժում է ստացել բոլոր գործատուներից:

«Քանի որ իմ մասնագիտությունն ավելի շատ ցանցային ապահովման, տեղեկատվության մշակման, փոխանցման գործընթացների հետ է կապված, ավելի շատ տեխնիկական աշխատանք է, գործատուների համար կարևոր է, որ աշխատակիցը գրասենյակից աշխատի, բացի դրանից, հայաստանյան իրականությունում սիրում են, որ մարդիկ իրենց աչքի առաջ լինեն, անձամբ հետևեն՝ աշխատում են, թե անգործության են մատնված: Իսկ որտեղ որ դիմել եմ կամ դիմում եմ, գրասենյակային աշխատանքն անհնարին է, որովհետև 99 տոկոս մատչելիության բացակայություն կա: Եվ այդ պատճառաբանությամբ իմ մասնագիտությամբ չեմ կարողացել աշխատանք գտնել»,- ասում է Արևը: Ապա խոսում է նաև կարծրատիպերից.

«Մարդիկ չեն կարողանում գալ փոխզիջման, որ լուծումներ գտնեն, տարբերակ մտածեն աշխատանքի ընդունելու: Ուղղակի հաշմանդամություն ունեցող աշխատակից-գլխացավանք չեն ուզում: Վերջերս դիմել էի ադմինիստրատիվ աշխատանքի համար, որը հենց հաշմանդամության ոլորտում էր, աջակցող սարքեր էին տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց: Շենքային պայմաններն ամբողջությամբ մատչելի էին: Այստեղից մերժումն այն էր, որ չնայած աշխատանքն ադմինիստրատիվ է, բայց չեն կարող վերցնել, որովհետև աշխատողը պետք է աստիճաններ բարձրանա, վերևի դարակներից աջակցող սարքեր իջեցնի, պահեստից ապրանքներ տեղափոխի: Այստեղ արդեն խնդիրը զուտ իրենց վերաբերմունքն էր»,- պատմում է Արևը,- Հանդիպել եմ նաև այնպիսի
դեպքերի, երբ ասել եմ՝ հաշմանդամություն ունեմ, մարդիկ զարմացել են, ասել են, որ իմ խոսելուց ընդհանրապես չի զգացվում: Այսինքն՝ կա կարծրատիպ մարդկանց մոտ, որ եթե հաշմանդամություն ունես, գիտելիք, կրթություն չպետք է ունենաս կամ գրագիտություն չպետք է ունենաս»:

Իսկ այս ընթացքում, աշխատանքի փնտրտուքի մեջ, Արևը նաև ընտանիքի, փոքրահասակ որդու հոգսն է հոգում այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց ծախսը շատ ավելին է, քան հաշմանդամություն չունեցողներինը.

«Օրինակ՝ ամեն օր տնից դուրս գալիս երեք հազար դրամ եմ ծախսում, որովհետև մատչելի տրանսպորտ նույնպես չկա, իսկ սովորական տաքսի չեմ կարող վերցնել, չորս տեղանոց տաքսիները սայլակը չեն տեղափոխում, ավելի մեծ մեքենա է հարկավոր, որն ինձ համար կրկնակի ծախս է: Մեզ համար դժվար է նույնիսկ ցածր աշխատավարձով տարրական կենսակերպն ապահովել, ուր մնաց աշխատանք չունենալու պայմաններում: Իսկ հաշմանդամության նպաստը ուղղակի ծիծաղելի թիվ է չաշխատելու դեպքում»:

Արմինե Մելիքյանը, տեսնելով, թե որքան դժվար է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանք գտնելը, հոգնած, հիասթափված, ի վերջո իր սեփական գործն է հիմնել, որ այլևս չդիմի որևէ գործատուի, իսկ հետագայում այն ընդլայնելով՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինքն աշխատանքն առաջարկի: Այժմ սեփական բիզնես ունի՝ ձեռագործ խաղալիքների արտադրություն, և արդեն վաճառք է իրականացնում նաև արտերկրում:

Արմինե Մելիքյանը

Հաշվապահի մասնագիտությամբ Արմինեն ևս պատմում է, թե ինչ խնդիրների ու խտրականության է հանդիպել աշխատանքի որոնման ընթացքում․

«Ոչ բոլոր գործատուներն են բառացի ասում, որ հաշմանդամության պատճառով չեն ընդունում: Ասում են՝ Ձեզ կզանգահարենք: Իհարկե շատերին են այդպես ասում՝ և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող անձանց, բայց երբ գնում ես գործատուի մոտ հարցազրույցի, հարցերից, տրամադրվածությունից, պահվածքից զգում ես՝ հաշմանդամություն ունենալու պատճառով է մերժում, թե այդ աշխատանքին չհամապատասխանելու: Երբ սկսում էի դիմել դեռևս հաշվետարի աշխատանքի համար, ռեստորանային ընկերությունում ասացին, որ ապրանքները, որ պետք է հաշվեմ, բավականին բարձր են դրված, չեմ կարող դրանք հաշվել (իմ հաշմանդամությունը կապված է հասակիս հետ): Այնինչ կարող էր ուղղակի հարմարեցում լինել, օրինակ՝ աստիճաններ լինեին, կամ ներքևում դրվեին: Իսկ օրինակ սուպերմարկետներից մեկում գանձապահի հաստիքի համար հարցազրույցի ժամանակ մենեջերն ուղղակի ասաց՝ ճիշտ է, նստած աշխատանք է, բայց Դուք չեք կարող անել, քանի որ հաշմանդամություն ունեք, Ձեզ համար բավականին դժվար կլինի աշխատանքը կատարել: Մի խանութում էլ մենեջերը շատ ուրախ դեմքով եկավ և ինձ տեսնելով՝ լրջացավ, հարցրեց՝ ինչի համար եք մոտեցել այն դեպքում, երբ իրեն նախապես հայտնել էին, որ աշխատանքի համար եմ հարցնում. հայացքից և հարցից արդեն պարզ էր նրա վերաբերմունքը»,-պատմում է Արմինեն:

Փորձել է նույնիսկ ինքն առաջարկել պայմաններ, համագործակցության եզրեր գտնել.

«Ես նույնիսկ առաջարկել եմ, որ գոնե մեկ ամիս անվճար աշխատելով և փորձ ձեռք բերելով՝ ցույց տամ, որ այդ աշխատանքը կարող եմ նաև ես կատարել, այդտեղ նորից հնչել է նման պատասխան՝ շատ լավ, բարի, հասկանանք՝ ինչ ենք անում, Ձեզ կզանգահարենք անհրաժեշտության դեպքում»:

Երկու տարում 30 աշխատանքի դիմումներից Արմինեն 3 ստացված աշխատանքային փորձ ունի՝ հաշվապահի օգնական, առաքման բաժնի
օպերատոր և վաճառող-գանձապահ: Այս աշխատատեղերից մեկում, ինչպես ինքն է պատմում, մի փոքր դժվար էր միջավայրի անմատչելիությունը, իսկ մյուսում գործատուն ամեն ինչ հարմարեցրել էր իրեն:

«Շատ հաճախ գործատուները պատրաստ չեն միջավայրը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց, այլ գերադասում են աշխատանք տալ հաշմանդամություն չունեցող անձի՝ ավելորդ ծախսերից խուսափելու համար: Նաև հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում աշխատանքային փորձն ավելի շատ են դիտարկում, քան հաշմանդամություն չունեցող և անփորձ դիմողների: Իսկ հաշմանդամություն ունեցող շատ անձինք, ովքեր ունեն նաև կրթություն, աշխատանքային փորձ չունեն, որովհետև ուղղակի չեն կարողանում ձեռք բերել այն, չի ստեղծվում այդ փորձը: Այնինչ գործատուները պետք է հնարավորություն տան նաև հաշմանդամություն ունեցող անձանց այդ փորձը ձեռք բերելու և չմտածեն, որ նրանք ավելի թերի են աշխատում, քան հաշմանդամություն չունեցողները»,- ասում է Արմինեն:

Նա իր օրինակով կոտրում է նաև իր մատնանշած այս վերջին կարծրատիպը՝ իր ընկերությունում միաժամանակ մի քանի տարբեր գործառույթ կատարելով՝ հաշվապահություն, մարքեթինգ, գնումներ, բանակցություններ, վաճառք:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ
Մուշեղ Հովսեփյանը նույնպես Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության բարձր մակարդակին նպաստող հիմնական գործոններից նշում է մատչելիության բացակայությունը՝ մատչելի մուտքեր, սանհանգույցներ և այլն, աշխատանքի ընդունման գործընթացում խտրականությունը, երբ շատ գործատուներ չեն ցանկանում աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանց կարողությունների և արտադրողականության վերաբերյալ կարծրատիպերի և թյուր պատկերացումների պատճառով: Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման ծառայությունների պակաս կա: 

Մուշեղ Հովսեփյանը

Մասնագիտական ուսուցման շատ ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ կերպով չեն նախապատրաստում աշխատանքի համար, և աշխատանքի
տեղավորման ծառայությունները կա՛մ հասանելի չե՛ն, կա՛մ բավարար չափով չեն ֆինանսավորվում:

Փորձագետն առանձնացնում է մի քանի միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման համար․

«Կառավարությունը կարող է ֆինանսական խթաններ տրամադրել այն գործատուներին, ովքեր վարձում են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպիսիք են՝ հարկային դադարները կամ վերապատրաստման սուբսիդիաները: Կարող է ներդրումներ կատարել մասնագիտական վերապատրաստման ծրագրերում, որոնք հատուկ մշակված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, բարեփոխել աշխատանքի ընդունման աջակցության ծառայությունները, որովհետև փորձը ցույց է տալիս, որ միասնական սոցիալական ծառայությունն այս հարցում շատ արդյունավետ չի գործում: Պետք է իրազեկման արշավներ իրականացվեն՝ հանրությանը կրթելու հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների եւ ներուժի մասին։ Այս առումով մենք ջանքեր չենք արձանագրում։

Իսկ այն ծրագրերը, որ առաջարկում է կառավարությունը, ոչ միշտ են արդյունավետ, որովհետև դրանք պատշաճ չեն քննարկվում հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունների հետ։ Դրանք պետք է լինեն նաև տվյալների վրա հիմնված։ Օրինակ՝ քվոտավորման համակարգը երբ ներդրվեց, այն հետագայում հանվեց, երբ հասկացան, որ այն լավ պլանավորված չէր, չէր աջակցում աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը,- ասում է փորձագետը և հավելում,- ընդհանուր առմամբ, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության իրավիճակը մնում է էական մարտահրավեր, որը պահանջում է ուշադրություն և գործողություն քաղաքականություն մշակողների, գործատուների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Ադրինե Թորոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել