Համապարփակ անվտանգության համակարգ․ շվեյցարական պահեստազորի մոդելը․ Նարեկ Ներսիսյան
11:58 - 12 մայիսի, 2023

Համապարփակ անվտանգության համակարգ․ շվեյցարական պահեստազորի մոդելը․ Նարեկ Ներսիսյան

Շվեյցարիան բանակ չունի, Շվեյցարիան ինքն իրենով բանակ է։

Շվեյցարական ասացվածք

Շվեյցարական ռազմական ավանդույթը մեր ժամանակներ է բերել տարբեր հայտնի բրենդներ, այդ թվում՝ բարձրակարգ Military watch ժամացույցների տեսականին, ինչպես նաև շվեյցարական դանակները, որոնք հայտնի են լայն հանրությանը՝ դրանց վրա պատկերված Շվեյցարիայի զինանշանը խորհրդանշող խաչով և վահանով։ Սա պայմանավորված է նաև շվեյցարական զինված ուժերի կազմավորման պատմությամբ։

1880-ականներին շվեjցարական բանակը որոշեց, որ ցանկանում է՝ իրենց զինվորներից յուրաքանչյուրն ունենա գրպանի ծալովի դանակ: Եվ ահա շվեյցարական ծալովի ռազմական դանակների ստեղծումից 6 տարի առաջ՝ դեռևս 1874թ․-ին, բարեփոխումների արդյունքում շվեյցարակական պահեստազորը բաժանվեց Auszug-ի, Landwehr-ի և Landsturm-ի միջև, ճիշտ այնպես, ինչպես պրուսական մոդելն էր։ Այս կառուցվածքով շվեյցարական բանակը վերածվեց մինչ 20-րդ դարի ժամանակաշրջանի կանոնավոր զինված ուժերի համալրման դասական աշխարհազորային համակարգի: Վերջինս, եթե համեմատենք մեր ռեզերվային համակարգի հետ, ապա պայմանականորեն կարելի է անվանել այսպես․ Auszug՝ մինչև 32 տարեկան ակտիվ ռեզերվ, Landwehr՝ մինչև 42 տարեկան հիմնական ռեզերվ, Landsturm-ի մինչև 50 տարեկան՝ ռազմավարական ռեզերվ։

Այս կառուցվածքով շվեյցարական բանակը  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պետք է դիմագրավեր իրենից մի քանի անգամ հզոր նացիստական Գերմանիային։ 

Հենց այս ժամանակ էր, որ շվեյցարական բանակն անմատչելի բանակի անունը վաստակեց: Ֆրանսիայի անկումից հետո Շվեյցարիայի բանակի հրամանատար նշանակվեց գեներալ Անրի Գիսանը (Henri Guisan)։ Նա ընդունեց Ազգային պաշտպանության պլանը (National Redoubt Plan), որի համաձայն թշնամուն առավելագույնս զսպելու նպատակով բանակի համատարած զորահավաք հայտարարվեց, ենթակառուցվածքային բոլոր օբյեկտները ականապատվեցին, և երկրի ամբողջ պարագծով մեկ մի քանի ամրացված գոտիներ ստեղծվեցին: Այդ պլանով նախատեսվում էր, որ հակառակորդի հարձակման ժամանակ բանակը պետք է նահանջով տեղակայվի  լեռներում՝  իր հետևում ամբողջությամբ ոչնչացնելով ենթակառուցվածքները: Այնուհետև, ըստ պլանի, դիմադրությունը պետք է իրականացնեն կիսապարտիզանական ստորաբաժանումները՝ բարձր և անհասանելի լեռնային տեղանքում: Տրվեց Անրի Գիսանի ամենահայտնի հրամանը՝  «Հանձնման մասին ցանկացած պետական մարմնի կամ պաշտոնյայի հնչեցրած հայտարարություն համարվում է սադրանք»։

Ենթադրվում է, որ հենց այդ համապարփակ դիմադրությունն էր, որ գերմանական Վերմախտին ստիպեց հետ կանգնել Շվեյցարիայի օկուպացման պլաններից: Շվեյցարական օդուժը, այնուամենայնիվ, ունեցավ օդային մարտեր Լուֆտվաֆեի (գերմանական ռազմաօդային ուժերը) դեմ, որոնք ներխուժել էին չեզոք Շվեյցարիայի տարածք: «Համապարփակ անվտանգային» այս փորձը հետագայում զարգացվեց, և աշխարհազորի հիման վրա զորքի համալրման համակարգը ամրապնդվեց: Սառը պատերազմի ընթացքում շվեյցարական զինված ուժերի անձնակազմը գերազանցեց 800 հազարը կամ բնակչության 12%-ը: Շվեյցարական ռազմաքաղաքական ղեկավարների գնահատմամբ որոշվեց, որ Շվեյցարիան չի կարող ավելի հզոր երկրի ագրեսիայի թիրախ հանդիսանալ: Համոզմունք կար, որ Շվեյցարիան կարող է խորհրդային բանակի և ՆԱՏՕ-ի միջև մարտադաշտի վերածվել: Օգտվելով ռելիեֆից և աշխարհագրությունից (երկրի տարածքի 70%-ը պատված է լեռներով)՝ շվեյցարական զինված ուժերը մասնագիտացված «լեռնային բարիկադների» ռազմավարություն որդեգրեցին, որը ենթադրում է դիմադրողական և քայքայիչ պատերազմ վարել, ինչը թույլ կտար հակառակորդին հասցնել ոչ համաչափ վնաս՝ հօգուտ Շվեյցարիայի:

Այդ մարտավարությունը ենթադրում էր հետևյալը․ բանակն արագորեն շարքից հանում է կամուրջները, թունելները, ավտոմայրուղիները և երկաթուղին: Ըստ պլանի՝ հարձակման դեպքում 3000-6000 տարբեր տրանսպորտային ենթակառուցվածքներ պետք է քանդվեն: Այս նպատակով Շվեյցարիայի բոլոր թունելները և առանցքային կամուրջները մինչ օրս հագեցված են հակատանկային թակարդներով և ներսում տեղադրված պայթուցիկ սարքերով, իսկ երկաթուղային կամուրջները կառուցված են այնպես, որ դրանք պայթեցվելու դեպքում փլուզվելու են իրենց տակով անցնող մայրուղիների վրա: Ենթակառուցվածքները այնպես են կառուցված, որ դրանց պայթեցումն ամբողջովին կկտրի երկիր մուտք գործելու բոլոր ճանապարհները: Շվեյցարիան անհամար ամրաշինական կառույցներ, ստորգետնյա թաքստոցներ և զինանոցներ ունի, որոնք հագեցված են կապի բոլոր անհրաժեշտ միջոցներով և արտաքինից ամբողջությամբ անտեսանելի են: Ալպերում մշտական տեղակայման վայրեր կան, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի ստորգետնյա ռազմակայանը:

Սառը պատերազմի ավարտից հետո մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքացիական շարժումներ առաջարկում էին նույնիսկ ամբողջությամբ լուծարել զինված ուժերը, սակայն հարևան բալկանյան տարածաշրջանում սկիզբ առած զինված հակամարտությունները վերջ դրեցին նման խոսակցություններին: 1995 թ. կազմակերպված «Բանակ 1995» լայնածավալ ռազմական բարեփոխումների արդյունքում զինված ուժերի թվաքանակը կրճատվեց մինչև 400 հազար (բնակչության 5%-ը): Այս բարեփոխումներով կրճատվեց նաև կանոնավոր բանակում ծառայության ժամկետը, և զորահավաքի ենթակա տարիքն իջեցվեց մինչև 42: Auszug և Landsturm տեսակի պահեստազորերը վերացվեցին, սակայն Landwehr–ը մնաց՝ ընդգրկելով 32-ից մինչև 42  տարեկան տարիքային խմբերը: Ընդհանուր զորահավաքի դեպքում Landwehr-ը վերածվեց ռազմավարական պահեստազորի:

2003 թ. մայիսի 18-ին «Բանակ XXI» նոր ռազմական բարեփոխումներով կրկին կրճատեց շվեյցարական զինված ուժերի թվաքանակը: Սկսած 2004 թ. հունվարից՝ զինված ուժերի անձնակազմը կրճատվել է՝ հասնելով 220 հազարի (բնակչության 2,5%-ը), այդ թվում՝ 80  հազար պահեստազորայինները: Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 2013 թ-ին կազմում էր 155 հազար մարդ, իսկ 2016 թ. պլանով այն պետք է նվազեր մինչև 100 հազարը, այդ թվում՝ մինչև 30 հազար Landwehr։

Շվեյցարական բանակի առանձնահատկությունը նման է ավստրիականին նրանով, որ պահեստազորայինները իրենց մոտ են պահում անձնական մարտական զենքը, համազգեստը և հանդերձանքը նույնիսկ այն ժամանակ, երբ գրանցվում են որպես Landwehr-ի պահեստազորայիններ: Այսպիսի համակարգը զինված ուժերի ղեկավարությանն օգնում է էապես կրճատել պահեստավորման ծախսերը և անհրաժեշտության դեպքում արագ զորահավաք կազմակերպել: 

Այսպիսով, ինչպես հասկացանք, շվեյցարական զինված ուժերի գրեթե ողջ անձնակազմը բաղկացած է պահեստազորից: Կադրային սպաները կազմում են մինչև 9 հազար մարդ, որոնց մեծ մասը ծառայում է ռազմաօդային ուժերում: 

Զորակոչը

Շվեյցարիայում ծառայությանը պիտանի քաղաքացիների զինակոչային տարիքը 19-ից մինչև 26 տարեկանն է: Շարքայինների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 260 օր է, որը բաժանվում է հիմնական ռազմական ուսուցման 18  շաբաթների, որոնց հաջորդում են 7 երեքշաբաթյա դասընթացները․ ընդհանուրը՝ 21 շաբաթ՝ հետագա 10 տարիների ընթացքի համար: Զորավարժություններին մասնակցելը պարտադիր զինվորական ծառայության բաղադրիչ է: Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը որոշվում է ընթացիկ տարում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող 19-ից 32 տարեկան անձանց քանակով: Տարվա կտրվածքով շարունակական զորավարժությունների շնորհիվ վերապատրաստում է անցնում մոտ 100 հազար մարդ, որոնցից 20-22 հազարը նորակոչիկներ են: Ըստ էության, Շվեյցարիայի բանակի զգալի մասը մշտական անձնակազմ չունի, սակայն այն լրացվում է ոչ մշտական կազմի հերթափոխի անընդհատ ուսուցման միջոցով: Այս համակարգը կոչված է պարտադիր զինպատրաստության առաջին փուլից հետո ընկած 10 տարիների ընթացքում պահպանել պահեստազորի որակը: Ռազմական ուսուցման անփոփոխ համակարգը թույլ է տալիս ստանալ անընդհատ զարգացող զինված ուժեր և օժանդակ ենթակառուցվածքներ։ 

Շվեյցարական համակարգի առանձնահատկություններից է վերապատրաստմամբ զբաղվող մեծ թվով զորամասերի առկայությունը:

Ինչ վերաբերում է հրամանատարական կազմին, ապա կրտսեր սպայական կազմի կանոնավոր ծառայության ժամկետը 430 օր է, իսկ ավագ սպայական կազմինը՝ 500  օր, պահեստազորի սպաների համար՝ ընդհանուր  600 օր: Ապագա կրտսեր սպայական կազմը և պահեստազորի հերթափոխը մասնակցում են անձնակազմի մասնագիտացված դասընթացներին (KVK): 32 տարեկան դառնալուց հետո ժամկետային ծառայողը 260-օրյա պարտադիր ծառայությունից հետո անցնում է պահեստազոր (Landwehr): Պահեստազորայինը մինչև 42 տարեկանը մնում է Landwehr-ում: Այդ 10 տարիների ընթացքում նա յուրաքանչյուր տարի պետք է 3 երկշաբաթյա վերապատրաստում անցնի: Այսպիսով, չնայած Landwehr-ի զորահավաքային ռեսուրսը հասնում է 200 հազար մարդու, դրա փաստացի ընդհանուր թվաքանակը սահմանափակվում է նրանցով, որոնք ընթացիկ տարում վերապատրաստում են անցնում՝ կազմելով 30-32 հազար անձ: Landwehr-ը չի օգտագործվում ռազմական զորամասերի (հետևակային զորամասերը կազմված են 9 բրիգադներից) կամ առաջին գծի օժանդակ զորամասերի համալրման համար: Դրա առաջադրանքն է պաշտպանել ենթակառուցվածքային օբյեկտները, ծառայել երկրի ներսում գտնվող լեռնային ամրոցներում և այլ օժանդակ գործողություններ կատարել: Landwehr-ը կազմվում է առանձին վաշտերից և գումարտակներից, որոնք զորահավաքի ժամանակ գտնվում են տարածքային հրամանատարության ենթակայության ներքո: 

Ամփոփելով նշենք, որ չնայած աշխարհում տեղի ունեցող շարունակական բարեփոխումներին և ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններին, շվեյցարական զինված ուժերը պահպանում են իրենց ավանդական աշխարհազորային կառուցվածքը: Բացի դրանից՝ բանակում ծառայելը սոցիալական և հասարակական կարևոր արժեք է: Շվեյցարիայում բանակը շարունակում է մնալ հասարակության ներքին միասնականության հիմնական տարրերից մեկը: Միաժամանակ, Շվեյցարիայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք պետք է հրաժարվել մեծաքանակ պահեստազորից և անցնել զինված ուժերի կամավոր կադրային համակարգին: Նշվածի վերաբերյալ 1991թ. ի վեր Շվեյցարիայում երեք համընդհանուր հանրաքվե է անցկացվել, սակայն երկրի քաղաքացիների ավելի քան 70%-ը ընդհանուր զորակոչի պահպանման կողմնակից է՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս ծառայում է զինապարտների ոչ ավելի, քան 40%-ը: Այսպիսի համակարգով շվեյցարական բանակը համաշխարհային ցուցանիշով 44-րդ տեղում է։ 

Վերջին տարիներին Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո, Շվեյցարիայի կառավարությունն ու հասարակական միտքն ավելի են հակվում դեպի ԵՄ ինտեգրմանը և չեզոքության սկզբունքի ավելի ճկուն մեկնաբանությանը, մինչև անգամ 1815թ․-ի նոյեմբերի 8-ին Փարիզում ստորագրված Շվեյցարիայի մշտական չեզոքության ճանաչման և երաշխավորման և նրա տարածքների անձեռնմխելիության ակտի ու Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո՝ 1814 թ., Վիեննայի Կոնգրեսի որոշման չեղարկումը, որով ճանաչվեց Շվեյցարիայի նորացված Համադաշնության մշտական չեզոքության կարգավիճակը: 

Այժմ արդեն բանավեճեր են գնում շվեյցարական անվտանգային ամբողջ մոդելի փոփոխության մասին։ 

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել