Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար
13:51 - 08 մարտի, 2023

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: 

«Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ համար երբեք չի եղել բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։

Նա նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ըմբռնումն այն է, որ կարևոր է երկու առաջնորդներին վերադարձնել Բրյուսել․ «Խոսքը ոչ միայն Բրյուսելի, այլ նաև նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում չի եղել», - ասել է Կլաարը՝ նշելով՝ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ մոտ ապագայում առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել