Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան
 |armenpress.am|
17:20 - 22 փետրվարի, 2023

Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ադրբեջանական կողմից ստացվել է հավաստիացում, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:

Նա հայտնեց, որ ի սկզբանե, երբ նախաձեռնվել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն Ադրբեջանի հետ, եղել է ընկալում և պայմանավորվածություն՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով, մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ ասած՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը:

«Եվ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ ոչ միայն պանելային քննարկմանը, այլ նաև Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»,-ասաց Միրզոյանը:

 ԱԳ նախարարը հավելեց՝ մյուս կողմից հայկական կողմը վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել է, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո այդ դիրքորոշումներից տեղի է ունենում նահանջ՝ ընդհուպ մինչև ստորագրված ու հանրահայտ պայմանավորվածություններից:

ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:

 

 

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել