Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին
 |armenpress.am|
16:25 - 14 փետրվարի, 2023

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը։

«Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։

ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։

«Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել