Արարատ Միրզոյանի կարծիքով Լաչինի միջանցքի հարցով միջազգային հանրության հստակ դիրքորոշումն իր արդյունքը կտա |armenpress.am|
17:56 - 18 հունվարի, 2023

Արարատ Միրզոյանի կարծիքով Լաչինի միջանցքի հարցով միջազգային հանրության հստակ դիրքորոշումն իր արդյունքը կտա |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից ինչ պարտավորություն է խախտվել։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի արդյունքներին։

Նա հիշեցրեց, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Հայաստանի նախաձեռնությամբ, և այնտեղ ինքը հանդես է եկել ելույթով, ապա նաև մյուս անդամ երկրները կամ կազմակերպությունները դիրքորոշում են արտահայտել։

«Քննարկումը ընթացել է փակ ռեժիմով և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ։

Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և այդ ելույթներից ակնհայտն էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից, ինչ է խախտվել, ինչպիսի պարտավորություններ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։

Կրկնում եմ, որ հստակ գիտակցում կա ԵԱՀԿ-ում և ոչ միայն։ Դուք կարող եք տեսել առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներ։ Կարծում եմ՝ այս դիրքորոշումները վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների են հանգեցնելու»,- ընդգծեց Միրզոյանը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել