Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը |1lurer.am|
11:38 - 12 հունվարի, 2023

Դոնֆրիդը Միրզոյանին և Բայրամովին կոչ է արել ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հորդորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքով ապրանքների տեղաշարժը հնարավոր դարձնելու դիվանագիտական լուծմանը։

Նա խրախուսել է երկու նախարարներին՝ կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել