Մոսկվան օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները իր ցինիկ ու շահադիտական ձգտումների համար․ Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողով
12:04 - 11 հունվարի, 2023

Մոսկվան օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները իր ցինիկ ու շահադիտական ձգտումների համար․ Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը․ այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար։

Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանը ո՛չ հուսալի  անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր։ Մոսկվան հերթական անգամ օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները սեփական ցինիկ ու շահադիտական ձգտումների համար»,- նշված է հանձնաժողովի թվիթերյան միկրոբլոգում։ 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել