Հելսինկյան կոմիտե

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (այսուհետ՝ ՀՀԿ) ստեղծվել է 1995 թվականին։ ՀՀԿ-ն 1996 թվականին սկսեց հրատարակել առաջին իրավապաշտպան պարբերականը` «Տեղեկագիր» անվամբ: Նրա փաստացի շարունակությունը դարձավ «Դիտորդ» ամսագիրը:

2005 թվականից ՀՀԿ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ապա Եվրոպական միության եւ Բաց հաասարակության ինստիտուտի օժանդակությամբ անցկացնում է կրթական ծրագրեր ՀՀ մարզային հասարակական կազմակերպությունների անդամների եւ երիտասարդ լիդերների համար, որոնց ընթացքում մասնակիցները ստանում են գիտելիքներ եւ հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական եւ միջազգային մեխանիզմների, խախտումների, մոնիթորնգներ իրականացնելու, զեկույցներ կազմելու, հասարակական պաշտպանության ակցիաներ իրականացնելու, հասարակական կազմակերպություններ ստեղծելու եւ հզորացնելու վերաբերյալ:

ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

ՀԿ-ները դատապարտում են բռնությունները և խոշտանգումները ոստիկանությունում

Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտող հայտարարություն են տարածել ոստիկանության ծառայողների կողմից շարունակական բռնությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող շարունակական բռնությունները և խոշտանգումները։ Թեև Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվում են ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։ Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։ 2024թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։ Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։ Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։ Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։ Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։ Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։ Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։ Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։ Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի ունեցել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․ Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝  ոստիկանությունում,      քննչական մարմիններում և դատախազությունում, Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում, Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին, Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում, Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ, Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում, Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում, Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը: Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանրային լրագրության ակումբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրավունքի կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ   Լուսանկարը՝ Հետքի արխիվից/22.09.2023
13:51 - 04 ապրիլի, 2024
«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության
 |aysor.am|

«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր այս մասին՝ տեղեկացնելով, որ վարույթը վերաբերում է ՀՀ ՔՐ. օրենսգրքի 330-րդ հոդվածին (բռնություն գործադրելու հրապարային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են ԱԺ-ում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած մտքերը։ Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։ «Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա վստահեցրեց, որ իր գործունեությունը, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։
11:48 - 23 նոյեմբերի, 2023
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։ Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին: Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և դուրս մղել նրանց իրենց տներից։ Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ: Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որն իրականում տեղի է ունենում  սովի ենթարկելու միջոցով: Անվտանգության խորհուրդից, մասնավորապես պահանջվում է՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։ Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։    Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
13:12 - 04 օգոստոսի, 2023
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։  Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից և հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետևաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ և վճռական արձագանքը։ 215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետևանքներն ուժգնանում են և ներառում են ներքոնշյալները․ Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առևանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձևավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են;  Մարդկանց և տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից և դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաև խաթարել է հանրային տրանսորտի և մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման և այլնի վրա;  Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ;  Սննդի և ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները և կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաև վնասում են գյուղտեխնիկան և գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է և հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատևման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան; Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի  ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների և ոռոգելի հողերի կախվածությամբ;  Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի և բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ և ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով;  Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի և ինտերնետի, ինչպես նաև վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար;  Մշակութային և կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով;   Տնտեսական և սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի և գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ և դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաև գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ; Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման և սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական և սոցիալական անգործությամբ, անապահով և անորոշ վիճակով, ինչպես նաև պահվող և շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանավորված։ Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։   Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։  Կազմակերպությունները հորդորում են՝ Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ և տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի և 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը; Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը։ Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորև նշված հատուկ խորհրդականներին և հատուկ զեկուցողներին՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցող, Անվտանգ խմելու ջրի և սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող, Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Կրթության իրավունքի հատուկ զեկուցող, Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող, Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող, Անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։   Ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ  Ստորագրյալ կազմակերպություններ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
15:53 - 25 հուլիսի, 2023
Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում։ Այս մասին ասվում է Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի համար հայտարարության մասին Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը: Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները: Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները: Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։ Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը. առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը»: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրական Աշխարհ, Իրական ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Կանանց աջակցման կենտրոն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն   Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Հայկական կողմից այս հայտարարությանը արձագանքել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Արցախցիները հուլիսի 18-ին բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
16:41 - 19 հուլիսի, 2023
Մոսկվան օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները իր ցինիկ ու շահադիտական ձգտումների համար․ Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողով

Մոսկվան օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները իր ցինիկ ու շահադիտական ձգտումների համար․ Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը․ այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար։ Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանը ո՛չ հուսալի  անվտանգության երաշխավոր է, ո՛չ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր։ Մոսկվան հերթական անգամ օգտագործում է Հայաստանի ու Ադրբեջանի դժվարությունները սեփական ցինիկ ու շահադիտական ձգտումների համար»,- նշված է հանձնաժողովի թվիթերյան միկրոբլոգում։  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
12:04 - 11 հունվարի, 2023
Ոստիկանության կողմից կիրառված բռնություններն աննախադեպ էին, հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ․ «Հելսինկյան կոմիտեն»՝ հունիսի 3-ի բախումների մասին

Ոստիկանության կողմից կիրառված բռնություններն աննախադեպ էին, հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ․ «Հելսինկյան կոմիտեն»՝ հունիսի 3-ի բախումների մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկման շրջանակներում զեկույց է հրապարակել հունիսի 3-ին Կառավարական ամառանոցների մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև գրանցված բախումների մասին։ Զեկույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է ՀՀ-ում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ Հաշվի առնելով հունիսի  3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձները և գնահատականները, Կոմիտեն հրապարակում է իրականացրած դիտարկման արդյունքները։ Կոմիտեի դիտորդի կողմից արված տեսանյութերը, որոնց հղում է կատարվում սույն զեկույցում, հասանելի են հետևյալ հղումով։  Դիտարկման արդյունքները Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքը մեկնարկեց ժամը 16։00-ին, որից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի ՀՀ կառավարության նստավայր։ Մասնակիցները շրջափակեցին նստավայրը՝ նպատակ ունենալով թույլ չտալ ներսում գտնվող անձանց դուրս գալ։ Այնուհետև, ժամը 19։10-ին երթը շարունակվեց՝ դեպի Պարոնյան փողոց։ Երթին մասնակցում էին բազմաթիվ տարեցներ և երեխաներ։ Ժամը 20։10-ին երթը կանգ առավ դեպի կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկին, որտեղ հավաքի կազմակերպիչները բարձրախոսով ելույթներ ունեցան։ Ոստիկանությունը, բազմաշարք շղթայով արգելափակել էր ինչպես առանձնատներ տանող ճանապարհի մուտքը, այնպես էլ Դեմիրճյան փողոցը։ Հատկանշական է, որ նախկինում նշված փողոցը ոստիկանության կողմից չէր արգելափակվել և դրանով «Դիմադրություն» շարժմումը երթեր էր անցկացրել, օրինակ՝ 2022 թ․ մայիսի 4-ին։ Նույն ժամին, փողոցի արգելափակված հատվածից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, անցկացվում էր «Երևանի գինու օրեր» փառատոնը։ ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․ Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով։ Ոստիկանների մի մասը սպառազինված էին վահաններով, սաղավարտներով և մահակներով։ Հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից շատերը տեսանելի կերպով կամ առհասարակ չէին կրում տարբերանշաններ։ Հավաքի վայրում, ենթադրաբար, ներկա էին համազգեստ չկրող ոստիկաններ։ Ի․ Սաղաթելյանը հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։ Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ՝ որոնք արձանագրված են կցված և համարակալված տեսանյութերում։ Ցուցարարներից մեկին ոստիկանության մի քանի ծառայողներ գցեցին գետնին՝ բռունցքով հարվածելով դեմքին։ Մեկ այլ ցուցարարի բերման ենթարկեցին՝ մի քանի հոգով քաշքշելով հագուստից և հարվածելով ոտքով։ Մի քանի րոպե անց ոստիկանները հարվածներով բերման ենթարկեցին ևս մեկ ցուցարարի, այնուհետև խմբով ծեծի ենթարկեցին ուրիշին՝ մի քանի հոգով բռունցքներով հետևից հարվածներ հասցնելով։ Հավաքի մասնակիցներին ծեծի ենթարկելու և հարվածելու մի շարք այլ դեպքեր են արձանագրվել հավաքի վայրից հեռարձակող լրատվամիջոցների տեսանյութերում։ Տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ոստիկանության երկու ծառայողներ ծեծում բերման ենթարկվող քաղաքացուն, որից հետո այլ ոստիկան արգելում տեսանկարահանումը։ Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց։ Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները։ Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում։ Միջադեպի ընթացքում հավաքի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկ շշեր և այլ առարկաներ, որոնք, ոստիկանների կողմից, ետ էին շպրտվում մասնակիցների ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերը շղթա կազմեցին Պռոշյան փողոցի լայնքով՝ մասնակիցներին հեռացնելով Դեմիրճյան փողոցի սկզբնամասից։ Կրքերը որոշակիորեն հանդարտվեցին և հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ երթը կվերադառնա Ֆրանսիայի հրապարակ՝ Բաղրամյան պողոտայով։ Հավաքի վայրում տեսանելի էին պատառոտված հագուստով, դեմքի և մարմնի այլ մասերի վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ։ Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայով անցնելիս երթի մի մասը չէր ուղեկցվում ոստիկանության կողմից։ Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը տարածեց հայտարարություն, ըստ որի հավաքի վայրից տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ, հարուցվել է քրեական գործ։ Եզրակացություն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված նախորդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունները, ցավոք, ողջ ծավալով շարունակում են մնալ արդիական[15]։ Չնայած ոստիկանության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին՝ տարբեր պետական պաշտոնյաներ, քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության այլ անդամներ 2022 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրեցին խիստ միակողմանի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հավաքը համարել էին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանել «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն[16]։ Թեև հավաքի մասնակիցների կողմից փորձ արվեց ուժ կիրառելով ճեղքել ոստիկանության շղթան, նման գործելաոճը նոր չէ Հայաստանում տեղի ունեցած հավաքների պարագայում և բավարար չէ հավաքը ոչ խաղաղ որակելու համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարկ է համարում մեջբերել 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի դիտարկումների արդյունքներից հատված, որոնք ամբողջությամբ հասանելի են Կոմիտեի զեկույցում։ 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում Ն․ Փաշինյանը առաջնորդում էր հավաքը և ոստիկանության կողմից կազմած պատնեշին մոտենալուց հետո հայտարարեց՝ «մենք՝ Ազգային ժողովի չորս պատգամավորներս, ձեր ուղեկցությամբ, հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը»։ Այնուհետև, հավաքի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանության պատնեշը։ Ընդհարման ընթացքում որոշ հավաքի մասնակիցներ ձեռքերով պահում էին ոստիկանների պարզած մահակները, հրում վահանները, տեղափոխում ցանկապատերը։ Հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանների ուղղությամբ նետեց աղբարկղում գտնվող աղբով լի տոպրակ։ Մի քանի այլ մասնակիցներ ոստիկանության ծառայողից խլեցին վահանը և մահակներ, հրում էին ոստիկաններին։ Դիտարկվել են փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ։ Այնուհետև ոստիկանությունը հավաքի նկատմամբ կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Նշված իրադարձությունների վերաբերյալ համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր։
14:25 - 05 հունիսի, 2022
ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։ Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։ Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։ Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին, ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին, փաստաբանի իրավունքին, բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
15:54 - 03 փետրվարի, 2020