Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան
16:44 - 13 դեկտեմբերի, 2022

Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ։ Միակ ճանապարհի փակումը, որ Արցախը կապում է մայր Հայաստանի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի մի քանի գյուղի հետ, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է, կաթվածահար է փորձում անել Արցախը։ Այս մասին Երևանում Արցախի Հանրապետության այլ պաշտոնյաների հետ ունեցած համատեղ  ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։ 

Բաբայանն ընդգծեց, որ չեն կարողացել վերադառնալ Արցախ․ «Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո ճանապարհին՝ Գորիսում ստիպված կանգնեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր, իմ կոլեգաներն էլ այստեղ էին, մասնակցում էին այդ կարևոր միջոցառմանը»,-ասաց Բաբայանը։

Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հարցին, թե այս իրավիճակում ինչ ակնկալիքներ կան Եվրոպական Միությունից՝ նշելով, որ մի քանի նամակներ արդեն իսկ ուղարկել են եվրոպական կառույցներին․  «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում, և մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձավ այս հարցին․ «ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակներում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի ԵՄ-ի պարագայում, որովհետև մի կառույց, որ աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Արցախում բնակվող մարդկանց իրավունքները խախտելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Լուսանկարը՝ Արմենպրեսի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել