Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան
11:34 - 02 նոյեմբերի, 2022

Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ հենց Սոչիում առաջարկել են, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։ 

«Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է։

Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար․ «Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, թե ինչումն է նորությունը․ «Նորությունը հետևյալն է․ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չի կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Մեր առաջարկը այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որը ինչ-որ առումով դառնում է օրակարգային, և ես լիարժեք համաձայն եմ, և կարծում եմ՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման»։

ՀՀ վարչապետի խոսքով՝ քանի որ հարցը շատ շերտեր ունի, և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ինքն ուզում եմ ասել․ «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո, ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա»։

«Եվ շատ ուրախ եմ արձնագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված։ Եվ մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել