Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան
 |1lurer.am|
12:24 - 01 նոյեմբերի, 2022

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:

«Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերն իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն՝ առաջ շարժվելու կարգավորման գործընթացում»,- ասել է դիվանագետը:  

Այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, ըստ դեսպանի, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում:

Կոպիրկինն ընդգծել է այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Դեսպանի խոսքով՝ դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Կոպիրկինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը»:

Ռուս դիվանագետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, նշել՝ ռուսական սկզբունքը այն երկրի ինքնիշխանության հարգումն է, որով անցնելու են հաղորդակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել