tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը»։
Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:
Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։
«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր», ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»:
Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։
Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
comment.count (0)