Ի՞նչ էր անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում ՄԱԿ-ում և ի՞նչ ասաց այս տարի
11:45 - 26 սեպտեմբերի, 2022

Ի՞նչ էր անցած տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում ՄԱԿ-ում և ի՞նչ ասաց այս տարի

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։ Ելույթի կետերից շատերին Փաշինյանն անդրադարձել էր նաև անցած տարի, երբ ելույթ էր ունենում Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։

Համեմատել ենք վարչապետի երկու տարիների ելույթները՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել նրա արտահայտած դիրքորոշումներում՝ միևնույն հարցերի շուրջ։

Նախ հասկանանք, թե ինչպիսին էր իրավիճակը Հայաստանում 2021-ի սեպտեմբերի դրությամբ, և ինչպես են զարգացել իրադարձությունները դրանից հետո, որպեսզի ավելի հասկանալի լինի Նիկոլ Փաշինյանի երկու ելույթների համատեքստը։

 

Մինչև 2021-ի սեպտեմբեր

2020-ի նոյեմբերին ավարտվել էր 44-օրյա պատերազմը։ 2021-ի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում ունեցան։ Հանդիպումից հետո հայտարարվեց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներով: Խումբն առաջին հանդիպումն անցկացրեց հունվարի վերջին։

Մայիսին Ադրբեջանը սադրանք իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանին․  ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեցին ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Հայաստանը հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։

Այս ընթացքում սահմանին ևս մի միջադեպ գրանցվեց։ Հուլիսին Ադրբեջանի սադրանքի հետևանքով տեղային մարտեր ընթացան սահմանին, հայկական կողմից եղան զոհեր ու վիրավորներ։ Օգոստոսի 16-ին էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր։ Նույն օրը  Երասխի հատվածում Արդբեջանի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՀՀ զինծառայող։

Մինչև սեպտեմբեր Ադրբեջանն արդեն հասցրել էր մի քանի հայտարարություն անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին (օրինակ՝ 1, 2, 3), Հայաստանում էլ միջանցքի մասին հայտարարություններին արձագանք էր եղել վարչապետի և ԱԳՆ մակարդակով:

Արցախի հարցի շուրջ հայտարարությունները մինչև 2021-ի սեպտեմբեր միանշանակ չէին։ Եթե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «անջատում հանուն փրկության» գաղափարի մասին, վարչապետի ու ԱԳՆ մակարդակով խոսվում էր Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ՔՊ նախընտրական ծրագրում էլ նշվում էր, որ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու տարածքների դեօկուպացիան, ապա արդեն կառավարության ծրագրում այս կետերը տեղ չգտան։ 

Քանի դեռ չէր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը, ակտիվ էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանն, իհարկե, մեղադրանքներ էր հնչեցնում ՄԽ հասցեին, իսկ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ էին համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը։

Հենց այպիսին էր իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի սեպտեմբերին ելույթ ունեցավ ՄԱԿ-ում։

 

2021-ի սեպտեմբերից հետո

Դրանից հետո սահմանին տեղի ունեցավ ևս մի էսկալացիա։ Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ Հայաստանը հայտարարեց ՌԴ-ին դիմելու մասին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ Հայաստանն ի վերջո ՌԴ-ին գրավոր դիմե՞լ է, թե՞ ոչ։  Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից դատելով՝ այն ժամանակ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չդրվեցին, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած արդբեջանցիները շարունակում էին մնալ այնտեղ։ Փաշինյանը 2022-ի ապրիլին նույնիսկ հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»։

Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուսելում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, Փաշինյանն էլ հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային հետքաշման առաջարկից։

Այս հանդիպումից հետո, ի դեպ, Փաշինյանն արդեն խոսում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանության մասին։ Փաշինյանի ու թիմակիցների խուսույթից դեռ այս հանդիպումից առաջ էր սկսել կամաց-կամաց դուրս մղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվեց ՀՀ ինքիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն մեր պաշտոնյաները հայտարարություններ են անում Արդբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգի մասին։ Վերջին օրերին Ադրբեջանը խախտել է հրադադարը։

Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության․ «Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ 

Ավելի ուշ նա պարզաբանեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և «առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ը հայտարարում է, որ ՄԽ-ը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Իսկ ըստ ամերիկյան կողմի՝ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել գործընկերների հրավերը՝ քննարկելու ԼՂ ապագան։ Չնայած այս ամենին՝ օգոստոսին ԱՄՆ-ը նոր համանախագահ է նշանակել։

 

ՀՀ տարածքների օկուպացիա

Այպիսով, եթե անցած տարի ՄԱԿ-ում Փաշինյանը իր ելույթում նախ անդրադարձավ Արցախի հարցին, հետո՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին, ապա այս տարի սկսեց հենց Հայաստանի սահմաններից։

Այս տարի նա ներկայացրեց Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշելով․ «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»։

Նա նաև նշեց, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Իսկ անցած տարի, երբ Ադրբեջանը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք, Փաշինյանն իր ելույթում ասել էր․ «Նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ, և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»:

Փաշինյանի հայտնի հայելային հետքաշման առաջարկը, փաստորեն, արդեն բացակայում է։ Իսկ անցած տարվա ելույթում Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու համատեքստում չէր խոսել «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների» ոչ պատշաճ արձագանքի մասին։

 

Արցախի հարց

Արցախի հարցին անդրադառնալիս անցած տարի Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ անհրաժեշտ է վերսկսել ԼՂ  հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

«Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,- հավելել էր նա։

Այս տարի Փաշինյանը նշել է հետևյալը․ «Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը»։

Այս տարի վարչապետի խոսքում չի հիշատակվում Մինսկի խումբը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ դարձել է «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքներ և անվտանգություն»։

 

Տարածքաշրջանային կոմունիկացիաների բացում

Անցած տարի Նիկոլ Փաշինյանը կարևորել էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը․ «Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է: Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք»։

Նա նաև նշել էր, որ եթե բացվի Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»:

Այս տարի Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ 

«Օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի ՀՀ օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո»։

Վարչապետը նշեց՝ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի՝ պնդելով, որ դա բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից․ «Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։ Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն՝ ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել»։

Վարչապետը նաև հայտնեց՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին․ «Մենք դեռ ոչինչ չենք ստացել։ Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»։

 

Սահմանազատում և սահմանագծում

Անցած տարի Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցին, նշել էր․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս․ թ․ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք»: 

Այս տարի Փաշինյանը նշեց, որ այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանն այդ թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար․ «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»։

Այպիսով, Փաշինյանի երկու ելույթներում նկատվում են մի քանի տարբերություններ․

  • Անցած տարի նա առաջարկում էր զորքերը հայելային հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանից, այս տարի ասում է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից։
  • Անցած տարի Փաշինյանը խոսում էր ԼՂ հակամարտության՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորման մասին, այս տարի նա ՄԽ-ը չհիշատակեց իր ելույթում։
  • Անցած տարի  Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, այս տարի նա խոսեց ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության մասին։
  • Անցած տարի Փաշինյանը խոսում էր Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղու մասին, այս տարի նա այդ մասին ոչինչ չնշեց։
  • Այս տարվա ելույթում էլ նա խոսեց տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքի մասին, իսկ անցած տարվա ելույթում նա ոչինչ չէր նշել անվտանգային որևէ կազմակերպության մասին։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել