ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը․ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի առաջարկի մասին
12:14 - 31 մարտի, 2022

ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը․ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի առաջարկի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ Անվտանգության խորհրդի 2022թ․-ի մարտի 28-ի հայտարարությունը․ «Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի։ Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս հայտարարությունը բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ Հայաստանյան և թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի»։

Փաշինյանն ասաց, որ ինչպես 2020թ․-ի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձևավորման քաղաքականություն։ 

«Նա նախ դիվանագիտական և կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ։ Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումներ չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով և բանաձևումներով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։ 

Փաշինյանն ընդգծեց, որ իր նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է։ Նրա խոսքով վերը նշված համատեքստում երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը։

«Հիմա օրինակ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը իր ունեցած չորս հատ ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր ՍՈՒ-երը ՀՀ ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել։ Նույնկերպ, իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան-ահաբեկիչներ տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը թերևս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է․ «Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը։ Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ ՀՀ-ի պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց է առաջարկ է փոխանցել, բայց մենք, իբր, անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները»։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում ուղիղ եթերում ինքը մանրամասն անդրադարձել է այս խնդրին և արձանագրել, որ մարտի 10-ին ՀՀ-ին է փոխանցվել Ադրբեջանի 5-կետանոց առաջարկ, և մարտի 14-ին, այսինքն՝ 4 օր անց, որոնցից 2-ը՝ ոչ աշխատանքային, հայկական կողմը գրավոր պատասխանել է այդ առաջարկին, և պատասխանը փոխանցել այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել է․ «Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով։ Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում ՀՀ-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»»։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, և Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին ՀՀ-ն արձագանքել է թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային, դիվանագիտական խողովակներով։

«Այս պատասխանը նշանակում է, որ ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, և ուրեմն հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ-ի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։ Ադրբեջանի դիրքորուշումն այն է, որ ԼՂ հիմնախդնիր չկա, այն այլևս լուծված է։ Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում, սակայն, մի կարևոր հարցի․ իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել ԼՂ-ի հայության իրավունքների հարցը։ Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում։ Հասկանալով, որ ԼՂ-ի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի»,- հայտարարեց վարչապետը։

Նա նշեց Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով այս հարցը փակված համարելու համար․ «Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի։

Փաշինյանի խոսքով սա խնդիր է, որ առաջ է քաշում ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև միջազգային հանրությունը․ «Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով ԼՂ չկա, նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է ԼՂ անվանումը։ Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում նաև նրա համար, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարույթան մեջ հստակ արձանագրված է ԼՂ, ԼՂ հակարամարտություն եզրույթները, այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել