ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը
14:18 - 16 սեպտեմբերի, 2022

ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։

«Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։

Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- ասաց ԳՇ պետը։ 

Էդվարդ Ասրյանի խոսքով՝ միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։

Դպրոցների և այլնի հետ կապված տեղեկացնեմ, որ հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, նաև ձեռնարկված միջոցառումների ամբողջությունը՝ դադարեցվել են դասընթացները․ մոտ 506 երեխա այս պահին չի ստանում իր կրթության իրավունքը։ Հիմա մտածում ենք այլ միջոցներ, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքը ապահովենք»,- նշեց Ասրյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել