Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան
12:55 - 16 սեպտեմբերի, 2022

Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հարթակներում էս արձագանքները նաև կապված են, ուղղակի կապված են մեր ԶՈՒ հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ։ Եթե մենք չկռվեինք էնպես, որ կռվել ենք, էսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով այն մասին, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ռազմավարական ինչ նշանակություն ունեն, Քոչարյանը նշեց․ «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն։ Եվ էս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերը ավելի բարելավել, այն, ինչ Ձեր ասած թվերի շրջանակներում և հաջողվել է (խոսքը լրագրողի նշած 10 կմ տարածքների մասին է- խմբ․)։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ։ 6 դիրքերի մասին է խոսքը, ես ամբողջական թվերը չհրապարակեմ, դա, շատ հնարավոր է, նորից փոփոխությունների ենթարկվի»։

Infocom-ը Պաշտպանության նախարարությանը խնդրեց մեկնաբանել, թե Ադրբեջանի վերջին հարձակումից հետո քանի դիրք է վերցրել ադրբեջանական կողմը, և եթե Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ հայկական կողմը 6 դիրք է հետ բերել, քանիսն է այժմ ադրբեջանական վերահսկողության ներքո։

ՊՆ խոսնակը նշեց․ «Պաշտպանության նախարարությունն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ճշգրտման գործընթացը լիարժեք իրականացնելուց հետո»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել