Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
19:55 - 15 սեպտեմբերի, 2022

Խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ և կոչ ենք արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման առնչությամբ։

«Սեպտեմբերի 12-ին երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաղորդեցին իրենց միջազգային սահմանին ծանր մարտերի մասին։ Հաղորդագրությունների համաձայն ծանր հրետանային միջոցներ և տարբեր տրամաչափի զինատեսակներ են օգտագործվել։ Երեկ երեկոյան հայտարարվեց, որ տեղական ժամանակով ժամը ութից հաստատվել է հրադադար։ Մենք ողջունում ենք հրադադարը և հույս հայտնում, որ այն կպահպանվի։ Մինչդեռ Հայաստանը այս իրադարձություններն անվանեց կանխամտածված հարձակում, Ադրբեջանը հակադարձեց՝ անվանելով այն պատասխան Հայաստանի սադրանքներին։ Երկու կողմերն էլ դիմել են գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին արձանագրելով 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտում։ ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդումների մանրամասները», - ասել է Յենչան՝ նշելով, որ խորապես մտահոգված են «այս վտանգավոր էսկալացիայի առնչությամբ»։ Նրա խոսքով՝  կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ այս էսկալացիան նաև ընդգծում է «կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահամանզատման և սահմանագծման գործընթացում առաջ շարժվելու հրատապ անհրաժեշտությունը»։

«Կոչ ենք անում կողմերին օգտվել այդ կարևոր մեխանիզմից` որպես սկզբունքային կարևոր քայլ` սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ընդգծում է տարածաշրջանում և դրանից դուրս բոլոր դերակատարների կառուցողական քայլերի և  կողմերի վրա կարգավորման ուղղությամբ աշխատելու համար ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ», - նշել է նա։

Յենչայի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, և ոչ մի ջանք չխնայի ներկայիս լարվածությունը թուլացնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում նրանց օգնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել