Զոհված զինծառայողների մի խումբ ծնողների բողոքը Դատախազությանն ու դրա հետագա ընթացքը․ ամփոփ
18:03 - 06 մայիսի, 2022

Զոհված զինծառայողների մի խումբ ծնողների բողոքը Դատախազությանն ու դրա հետագա ընթացքը․ ամփոփ

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա հարուցված, 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Հիշեցնենք՝ այդ քրեական գործը հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Հետագայում դրան միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին՝ Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը հնարավոր էր կանխել, ինչի արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։ Փաշինյանի այս հայտարարությունը զոհված զինծառայողների մի շարք ծնողների վրդովմունքի պատճառ դարձավ, ինչին հաջորդեցին բողոքի ակցիաներ՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Օրեր շարունակ զոհվածների հարազատները բարձրացրին իրենց դժգոհությունը՝ նաեւ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով եւ պահանջելով նրան կալանավորել։ Դատախազության բակում նրանց ընդունեցին եւ լսեցին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրկնականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արմեն Մուրադյանը։

Ապրիլի 22-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Արթուր Դավթյանը հայտնեց, որ ծնողների հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմին առնչվող այնտեղ քննվող քրեական գործի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով։ Իսկ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ նախորդ օրը ծնողները նաեւ միջնորդություն են ներկայացրել՝ իրենց զոհված որդիներին այդ գործով տուժող, իսկ իրենց՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Հսկող դատախազը միջնորդությունն ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննիչին ցուցում տալով այն բավարարել։

Ծնողների այդ միջնորդությանը զուգահեռ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն առանձին պահանջ ներկայացրեց նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։ Հսկող դատախազը դա եւս ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով։

5 օր անց՝ մայիսի 3-ին, Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացանք, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը քննիչը հետաձգել է, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ՝ առարկություն ներկայացրել։

Մայիսի 4-ին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Դավթյանը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Պարզ դարձավ նաեւ, որ դատախազը չի ընդունել քննիչի առարկությունը եւ զոհված զինծառայողներին ճանաչել է տուժող։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։

Այսպիսով, պատերազմին առնչվող քրեական գործով նախաքննությունն այսուհետ կիրականացնի Քննչական կոմիտեն։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել