Բազալտի նոր հանքավայր` պտղատու այգիների և Իշխանասարի բնակելի տների հարևանությամբ |hetq.am|
16:23 - 24 մարտի, 2022

Բազալտի նոր հանքավայր` պտղատու այգիների և Իշխանասարի բնակելի տների հարևանությամբ |hetq.am|

hetq.am: «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Սիսիանի բազալտի հանքավայրը։ Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

«Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին։ Միակ հիմնադիրն ու մասնակիցը Արմեն Բադալյանն է։ Վերջինս ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված, նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է։ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։

Արմեն Բադալյանը, հիշեցնենք, նաև «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որը Արամուսում բազալտի հանքավայր է շահագործում։ «Ա․Ա․Բ․ պրոեկտ» ՍՊԸ-ն ընդգրկված է Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքներում։ Մասնակցել է նաև Վրաստանում կատարվող ճանապարհների վերանորոգման աշխատանքներին։ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ժամանակ խիստ զգուշացում է ստացել։

Բաց հանքը 35 մետր հեռավորություն է ունենալու պտղատու այգիներից

Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Իշխանասար գյուղի անմիջական հարևանությամբ՝ գյուղի կենտրոնից 700 մետր հյուսիս-արևմուտք։ Իշխանասարը 2017թ.-ին խոշորացել է եւ ընդգրկվել Սիսիան համայնքի մեջ։

Ընկերությունը նախատեսում է հանքավայրը շահագործել 27,6 հա տարածքի վրա, որը շատ մոտ է թե՛ Իշխանասարի պտղատու այգիներին, թե՛ բնակելի տներին։   

Մասնավորապես, համաձայն նախագծի՝ Իշխանասար գյուղի բնակելի տարածքները գտնվում են հանքավայրից ընդամենը 260-360 մետր հեռավորության վրա, միջպետական Մ1 ճանապարհը՝ 510 մ, իսկ ընդամենը 35-75 մ հեռավորության վրա պտղատու այգիներ կան։

Google քարտեզով նույնպես հստակ երևում է, որ դրանք մշակված պտղատու այգիներ են։

Ընկերությունը շեշտել է, որ Սիսիանի բազալտների հանքավայրի լեռնաերկրաբանական և լեռնատեխնիկական պայմանները բարենպաստ են բաց եղանակով մշակման համար: Արդյունահանել նպատակադրվել են 20 տարի։

Հայցվող տարածքից 210-615 մ հեռավորության վրա քարտեզագրված են նաև երեք սողանքային մարմիններ, որոնցից երկուսը դասվել են վտանգավորության III-րդ դասի և համարվել են միջին ռիսկային, մեկը՝ II- րդ դասի և համարվել է բարձր ռիսկային Իշխանասար բնակավայրի համար:

Հանքավայրի տարածքի մի հատվածն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նշվում է նախագծում` դրանք անջրդի վարելահողեր են և գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր: Ավելի կոնկրետ` հայցվող 27.6 հա հողերը ներկայացված են որպես քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողեր:

«Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նշել է, որ հայցվող տարածքում ներառված և քաղաքացիների սեփականություն հանդիսացաղ հողերի ձեռք բեռման հարցերը քննարկման փուլում են։

Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը մեր հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ չի հիշում նման բան, որ որևէ մեկը բազալտի հանքավայր բացելու համար իրենց տարածք գար և իր հետ դրա համար կապ հաստատեր։ Քիչ անց, սակայն, նա զանգահարեց և ասաց, որ հիշել է՝ այդ հանքի վերաբերյալ նախորդ տարի հանրային լսումներ են եղել, և բնակիչները կողմ են արտահայտվել։  

Շարունակությունը՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել