Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան
13:12 - 21 մարտի, 2022

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են․ Վանեցյան

Ադրբեջանի ներկայացրած այսպես կոչված 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Այս մասին այսօր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«2020 թ․-ի սեպտեմբերի ագրեսիայից հետո, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսպես կոչված 5 սկզբունքներ է ներկայացնում։ Այն, թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները․ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ,  տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ»։

Վանեցյանի խոսքով՝ սա  դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է՝ զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ․ «Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտգործնախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները»։

Վանեցյանը նշեց՝ այս ամենին ի պատասխան Երևանը շարունակում է խոսել այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մասին․ «Առավել քան զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները սահմանային խախտումներին և Արցախում ստեղծված սոցիալական հումանիտար անելանելի իրավիճակին։ Նույնքան զավեշտալի և անընդունելի է Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ պահանջների վերաբերյալ։ Տրամաբանական հարց է առաջանում․ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջներին, թե՞ ոչ։ Եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները պատրատակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չունի նման մանդատ, չե՞ն հասկանում  արդյոք, որ այդկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրբեջանական օրակարգն են սպասարկում»։

Խոսելով «Պատիվ ունեմ»-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին՝ Վանեցյանն ասաց՝ անհրաժեշտ է լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ «Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր, միգուցե չհասկանալով բերեցին և հասցրեցին այս աղետալի վիճակին»։

Վանեցյանի խոսքով՝ կա այդ  գործընթացների մասին պարբերաբար թարմացվող հաշվետվություն ստանալու հիմնավորված ու արդարացի պահանջ․ «Այս օրենսդրական նախաձեռնությունը կոչված է ծառայելու հենց այս նպատակին։ Կփոխվի՞ արդյոք սրանով հանրության թիկունքի հետևում գաղտնի պայմանավորվածությունների գնալու իշխանությունների քաղաքականությունը։ Գուցե և ոչ ամբողջապես, բայց այս գործիքակազմը նախ հնարավորություն կստեղծի հաշվետվողականության նոր էլեմենտ առաջ բերելու, և ամենակարևորը՝ այն հնարավորություն կընձեռի նաև հանրության համար այս կամ այն  չափով մասնակիցը դառնալու տեղեկացված լինելու իր ճակատագրին, ապագային վերաբերվող գործընթացներին»։

Պատգամավորն ընդգծեց՝ օրինագիծը չի կարող լուծել այսօր առկա բոլոր խնդիրները․ «Բազմիցս ենք նշել, որ դրանց լիարժեք լուծումը հնարավոր է միայն մի տարբերակով․ այս իշխանությունների հեռացմամբ և Հայաստանի ու  Արցախի ազգային-պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։ Այնուամենայնիվ, այսօրվա պայմաններում օրենքը թույլ կտա լրացուցիչ մեխանիզմներ կյանքի կոչել՝ հայության թիկունքում որոշումներ կայացնելու և պայմանավորվածությունների գնալու իշխանությունների ձեռագիրը նվազագույնի հասցնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարել։ Այդ նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ ՀՀ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ: Նախագծի քննարկմանն էլ վերաբերում են խորհրդարանական լսումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել