«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետից և ԱԳ նախարարից զեկույցներ է պահանջում. նախագիծ |hetq.am|
17:32 - 17 մարտի, 2022

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետից և ԱԳ նախարարից զեկույցներ է պահանջում. նախագիծ |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը փոփոխություններ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:

Նախագծում նշվում է, որ զեկույցը քննարկվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառներում իրավասու ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման: Սակայն պատգամավորների մեկ քառորդի պահանջով զեկույցը կարող է քննարկվել նաև Ազգային ժողովի հերթական նիստերում:

Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է արվում արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված վիճակին, ինչպես նաև այն հանգամանքին, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձևին, ուստի շատ ավելի կարևորվում է Ազգային ժողովի դերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորման մեխանիզմների ամրապնդման տեսանկյունից:

Նաև նշվում է այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ հարաբերություններում հաճախ ի պաշտոնե ՀՀ շահերը ներկայացնում են վարչապետը և արտաքին գործերի նախարարը, ուստի կարիք է առաջանում, որպեսզի պատգամավորները տեղեկացված լինեն վերոնշյալ պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող բանակցություններից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում բանակցային գործընթացները կրում են շատ ինտենսիվ բնույթ, և պետության համար չափազանց զգայուն հարցերով տարաբնույթ միջազգային հարթակներում և ձեւաչափերով տարվա մեջ առնվազն մի քանի անգամ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու, ինչը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և  ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ»,-նշվում է նախագծում:

Ըստ հեղինակի` նախագծի ընդունման պարագայում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ձեռքից և արդյունավետ պարբերականությամբ տեղեկացված կլինեն Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու դրանից բխող խնդիրների հայամետ հանգուցալուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել