Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանում դեֆոլտի համար պայմաններ չկան
17:57 - 11 մարտի, 2022

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանում դեֆոլտի համար պայմաններ չկան

Դեֆոլտի պայմաններ Ռուսաստանում, որպես այդպիսիք, հիմա չկան, եթե, իհարկե, արհեստականորեն չստեղծվեն երկրի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արդեն լսել ենք մեր ֆինանսական գերատեսչությունների՝ ֆինանսների նախարարության և մյուսների հայտարարությունները բոլոր արտաքին պարտքերը ռուբլիով վճարելու պատրաստակամության և դրա համար ամրության անհրաժեշտ պահուստների առկայության մասին։ Այսինքն՝ փաստացի դեֆոլտի համար, որպես այդպիսին, պայմաններ չկան, եթե միայն դրանք չեն ստեղծվում և պարտադրվում մեզ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ դեֆոլտի հավանականության մասին հարցին ի պատասխան։

Չորեքշաբթի Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է արտարժույթով Ռուսաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «B»-ից դարձնելով «C», ինչն արտացոլում է սուվերեն դեֆոլտի բարձր ռիսկերի մասին նրա կարծիքը։ Երեկ՝ մարտի 10-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիևան պնդում է արել, թե Ռուսաստանում դեֆոլտ է հնարավոր այն պատժամիջոցների պատճառով, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են Ուկրաինա ներխուժման համար։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը երեկ հայտարարել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ, ըստ էության, «ֆինանսական և տնտեսական պատերազմ» են սկսել։ Նրա խոսքով՝ Արևմուտքը «ՌԴ նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորություների մասով դեֆոլտ է հայտարարել՝ սառեցնելով երկրի ոսկու պահուստները»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել