Արցախի Ազգային ժողովի հայտրարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին
20:29 - 10 մարտի, 2022

Արցախի Ազգային ժողովի հայտրարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին

Արցախի Հանրապետության ազգային ժողովը միաձայն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը, որով խորհրդարանը միջազգային կառույցներին կոչ է անում համարժեք գնահատականի արժանացնել հատկապես վերջին օրերին Ադրբեջանի գործողություններին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները:

«Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։

Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել