ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ընթացքում իր գնահատակններն է ներկայացրել ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, որ կայացել էր երեկ՝ երկուշաբթի օրը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել են իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ կապված Դոնբասի պաշտպանության համար ՌԴ-ի ռազմական հատուկ գործողության հետ։ Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է ներկայացրել մարտի 7-ին Բելառուսում ռուսական պատվիրակության եւ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են շարունակել այս խնդրի շուրջ երկխոսությունը։
Ուկրաինայում ՌԴ գործողություններից ի վեր սա Պուտինի ու Բենեթի միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։
comment.count (0)