ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում
10:53 - 02 մարտի, 2022

ԱՄՆ-ն փակելու է օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար․ Բայդենը ելույթ է ունեցել Կոնգրեսում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ուղերձի ընթացքում (State of the Union) անդրադարձել է Ուկրաինայի իրադարձություններին․ «Պատմությունը մեզ դաս է տվել, որ երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են պատճառում: Նրանք շարունակում են առաջ գնալ։ Իսկ Ամերիկայի ու աշխարհի համար սպառնալիքները շարունակում են աճել: Ահա թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար ստեղծվեց ՆԱՏՕ-ի դաշինքը»։

Բայդենն իր ելությում ասել է, որ Ուկրաինայի վրա Պուտինի վերջին հարձակումը կանխամտածված էր, և Պուտինը սխալվել է՝ կարծելով, թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի:

«Մենք ամիսներ ենք ծախսել՝ Եվրոպայից և Ամերիկայից մինչև Ասիա և Աֆրիկա ազատասեր ազգերի կոալիցիա ստեղծելով, որ դիմակայենք Պուտինին։ Մենք աշխարհին նախապես ասել ենք, թե ինչ է պլանավորում Պուտինը, և ինչպես է նա արդարացնելու իր ագրեսիան ․․․ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին։ Պուտինն այժմ ավելի, քան երբևէ մեկուսացված է աշխարհից։ Մենք անջատում ենք Ռուսաստանի խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից։ Չենք թողնում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտպանի ռուսական ռուբլին՝ Պուտինի 630 դոլարանոց «պատերազմական ֆոնդը» դարձնելով անարժեք ․․․   ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործություններին հետևելու համար։ Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին, որ հայտնաբերենք և վերցնենք ձեր (ռուս օլիգարխների- խմբ․) զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները»,- ասել է ԱՄՆ նախագահն  իր ելույթում: 

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միանալու է իր դաշնակիցներին և փակելու է ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ նահանգները աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին ռազմական, տնտեսական, մարդասիրական օգնության տեսքով, ինչպես նաև 1 մլրդ դոլար ուղիղ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։

ԱՄՆ Նախագահն ասել է, որ ամերիկյան զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտում․ «Մեր ուժերը Եվրոպա չեն գնում, որ կռվեն Ուկրաինայում, այլ որ պաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի արևմուտք: Այդ նպատակով մենք մոբիլիզացրել ենք ամերիկյան ցամաքային ուժերը, օդային ջոկատները և նավերի տեղակայումները, որ պաշտպանենք ՆԱՏՕ անդամ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ինչպես ես հստակ ասել եմ, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր թիզ տարածքը մեր ողջ հավաքական ուժով»:

ԱՄՆ նախագահն ասել է, որ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ համոզվելու համար, որ իրենց պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսությանը, և ինքը կօգտագործի ձեռքի տակ եղած յուրաքանչյուր գործիք՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսներին և սպառողներին․ «Այսօր երեկոյան ես կարող եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները աշխատել է 30 այլ երկրների հետ՝ համաշխարհային պաշարներից 60 միլիոն բարել նավթ բաց թողնելու համար։ Ամերիկան 30 միլիոն բարել բաց կթողնի մեր սեփական ռազմավարական նավթային պաշարից: Եվ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել ավելին։ Այս քայլերը կօգնեն նվազեցնելու գազի գներն այստեղ՝ տանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել