Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել
02:29 - 27 փետրվարի, 2022

Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել

Այս գիշեր ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Եվրահանձնաժողովը և Գերմանիան որոշում են կայացրել` լրացուցիչ կոշտ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական զորքերի շարունակվող հարձակումներին: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են կիրառվել, անհրաժեշտության դեպքում նաև ռուսական մյուս բանկերը դուրս կմնան միջազգային վճարային ծառայության SWIFT համակարգից։ Սրա նպատակն է, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, մեկուսացնել այդ ինստիտուտները միջազգային ֆինանսական հոսքերից, ինչը զգալիորեն կսահմանափակի նրանց գլոբալ գործունեությունը:

Կդադարեցվի մեծահարուստ ռուսաստանցիների, այսպես կոչված, «ոսկե անձնագիրը», և, հետևաբար, նրանց և նրանց ընտանիքների համար եվրոպական քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։

ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ ապահովելու պատժամիջոցների արագ իրականացումը, սառեցնելով անհատների, նրանց ընտանիքների և ընկերությունների ակտիվները։ Երկրներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա քայլեր, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումն Ուկրաինայի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել