Խորապես անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կողմերի համար կարեւոր է լարվածությունը թուլացնելը եւ ամբողջությամբ օգտագործելը առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջեւ թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»,- գրել է Կլաարը։
Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերը հեռացնելու համար, ինչպես նաեւ վերահաստատում է պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանը հերթական սադրանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության օգտագործվել են հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ այժմ առկա տեղեկության՝ հայկական կողմն ունի երեք զոհ, կան վիրավորներ։
comment.count (0)