Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա |azatutyun.am|
13:20 - 20 սեպտեմբերի, 2021

Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ երկխոսության համար հնարավորություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև` չնայած եղած տրավմաներին: «Բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նա։

Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Պարո՛ն Փայլան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի շարք հանրային հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նա համարում է, որ երկու երկրների միջև երկխոսության հնարավորություն կա։ «Մենք կարող ենք աշխատել մեր հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու համար Հայաստանի կառավարության հետ, որ հայտարարել է իր պատրաստակամությունը` շարժվել այս ուղղությամբ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ լսել ենք, որ վարչապետ Փաշինյանը Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ եք կարծում՝ երկխոսության համար հնարավորություն կա՞։

Գարո Փայլան. – Այո, կարծում եմ, որ երկխոսության համար հնարավորություն կա։ Չնայած անցած տարվա տրավմաներին, երկրների միջև եղած բոլոր խնդիրներին, կարծում եմ, որ կա հնարավորության պատուհան: Անցյալ տարի մենք տեսանք սարսափելի պատերազմ ու կրեցինք սարսափելի տրավմաներ, բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին։ Երբեմն դա տեղի է ունենում։ Ու սա հնարավորության պատուհան է Թուրքիայի և Հայաստանի համար։

Ես հավատում եմ, որ մեր քաղաքական վերնախավը` Թուրքիայի իշխանությունները մտածում են հարաբերությունները կարգավորելու մասին, որովհետև դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է ասել արևմտյան երկրներին, որ նա դեռ առաջնորդ է, ով մտածում է խաղաղության մասին։ Երկրորդ պատճառը հետևյալն է` նա մտածում է միջին ասիական երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու և դեպի Ադրբեջան ու այլ երկրներ ճանապարհներ կառուցելու մասին։ Դրա համար նրան անհրաժեշտ է [Հայաստանի հետ] հարաբերությունների կարգավորում։

«Ազատություն». - Հիմա Դուք փորձում եք ասել, որ Թուրքիայի խորհրդարանում, քաղաքական շրջանակներում ավելի շատ են սկսել մտածել Հայաստանի առջև բացվելու մասին, սահմանները բացելու, երկխոսություն սկսելու մասին։ Արդյո՞ք ավելի շատ քաղաքական գործիչներ են խոսում Հայաստանի հետ հաշտեցման մասին։ Այդպե՞ս է:

Գարո Փայլան. - Այո, իրավիճակը հիմա այսպիսին է։ Ես խոսում եմ ոչ միայն իշխող կուսակցության հետ, ես խոսում եմ նաև ընդդիմադիր հատվածի հետ։ Բոլոր կուսակցությունները այժմ հանդես են գալիս հօգուտ կարգավորման։ Չեմ կարող ասել հօգուտ խաղաղության, բայց առնվազն կարող եմ ասել, որ հօգուտ կարգավորման։ Պատերազմից հետո մենք կարող ենք ինչ-որ հաշտեցման հասնել Հայաստանի հետ։ Ես հավատում եմ։ Սա հնարավորության պատուհանն է։

Մենք` որպես հայեր, պետք է մտածենք դրա մասին, մտածենք հաշտեցման մասին։ Ես գտնում եմ, որ բոլոր հայերը, այդ թվում և ես, անաչառ չենք Էրդողանի ու Թուրքիայի արածների պատճառով, և մենք անաչառ չլինելու իրավունք ունենք։ Բայց եթե լինի Թուրքիայից եկող կամք, եթե Թուրքիան ուզենա բացել սահմանները և լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, եթե ուզենա հարաբերությունների կարգավորման գործընթաց ունենալ, մենք պետք է դրա մասին մտածենք, մտածենք, թե ինչպես արձագանքել։ Սա է հարցը։

Եթե Թուրքիան ուզենա, իսկ հիմա մենք գիտենք, որ նա ուզում է, եթե նրանք ինչ-որ քայլեր անեն, ասենք, մտածեն առաջիկա ամիսներին սահմանը բացելու մասին, ինչպես ենք մենք արձագանքելու նման քայլերին։ Սա է հարցը։ Կարծում եմ, որ բոլոր հայերը, հայկական աշխարհը պետք է մտածեն դրա մասին, պետք է մտածեն` ինչպես արձագանքել նման կարգավորման գործընթացին։

Ամբողջությամբ` azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել