azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է:
Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը:
Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ:
Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը:
Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին:
Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում
comment.count (0)