Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|
16:36 - 28 սեպտեմբերի, 2020

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կյանքի և գոյության համար կռվում հետքայլի տեղ չունի, հաղթելու է: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

«Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ պարտավորեցնելով մեզ ապրել»,-ասաց Հայրապետյանն ու ցավակցեց, իր զորակցությունը հայտնեց բոլոր հերոս տղաների հարազատներին, նրանց ընտանիքներին:

Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: «Այդուհանդերձ մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու՝ այդ փորձերն անողների համար»,-ասաց Հայրապետյանը:

Նա կարևորեց նաև այս օրերում միջազգային հարթակներում տեղ հասցնել և ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ Ադրբեջանին և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը: Պատգամավորն այս առումով կոչով դիմեց տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող ՀՀ դեսպաններին ու դիվանագետներին: «Հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել